‘«Ոսկե Ծիրան». Օր առաջին. Բացմանն ընդառաջ’

1300

«Ոսկե Ծիրան» փառատոնի առաջին օրը` այսօր սկսվեց մամլո ասուլիսներով, որտեղ ներկայացվեցին Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերից մի քանիսը:

Մասնավորապես, իրենց ֆիլմերը մամուլին ներկայացրին Ջիվան Ավետիսյանը («Ընդհատված մանկություն») Հարութ Շատյանը («Մարաթոն»), Արա Եննջակյանը («Խավարում»), Ադրինե Գրիգորյանը («Բավական»), Գուրգեն Ջանիբեկյանը («Պեպիտտո»), Հրանտ Վարդանյանը («Սպիտակ գառան երազը»), Սարո Վարժապետյանը («Ջրից հետո ավազ է մնում») և Էմիլ Մկրտչյանը  («Իդան այստեղ է»):

Ասուլիսներին հաջորդեց ավանդական Ծիրանօրհնեքը Երևանի Սբ.Զորավոր եկեղեցում, որտեղ ներկա եղան փառատոնի հյուրերից շատերը:

Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ` իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը և բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը:

Փառատոնային հաջորդ օրերին հատուկ միջոցառումների` հոբելյանական երեկոների և Երևանյան պրեմիերաների շրջանակներում համաշխարհային կինոյում վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակներ կհանձնվեն նաև Մարգարեթե ֆոն Թրոթային, Իշտվան Սաբոյին, Ներսես Հովհաննիսյանին և Յոս Ստելինգին:

Իսկ անվանի ավստրիացի կինոռեժիսոր, Կաննի մրցանակակիր Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կներկայացվի արտամրցութային ծրագրում, կարժանանա փառատոնի «Վարպետ» մրցանակին:

Արդեն երրորդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կներկայացվի «ԱՊՀ երկրների կինո» ծրագիրը ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրը, որ կներկայացնի ԱՊՀ երկրների` վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը, այս անգամ կկայանա Գյումրիում, որն ԱՊՀ երկու այլ պետությունների քաղաքների հետ մեկտեղ ճանաչվել է որպես 2013թ. մշակութային մայրաքաղաք: Ցուցադրությունների ծրագրում կընդգրկվեն 16 ֆիլմ, որից 2-ը` վավերագրական, 8-ը` խաղարկային և 6-ը` կարճամետրաժ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում և կներկայացնի Ռուսաստանի, Ուկրաինայի. Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆիլմեր:

Փառատոնի ծրագիրը կներկայացնի նաև «Վրացական կինոյի շաբաթ»-ը, որի շրջանակներում կներկայացվի վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ընտրանին` հետահայաց ցուցադրություններ ծրագրում:

Իսկ Գեորգի Դանելիայի անչափ սիրված «Միմինո» կատակերգությունը, կսկսի ցուցադրությունների իր ճամփորդությունը` ներկայացվելով նախ Երևանում և Գյումրիում, և ապա` տարվա ընթացքում Վրաստանի և Հայաստանի այլ քաղաքներում` նշելով ֆիլմի ստեղծման 35-ամյա հոբելյանը: Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Փառատոնը Երևանում կհյուրընկալի ռեժիսորի տիկնոջը` Գալինա Դանելիային: Կներկայացվեն նաև վերջին տարիների վրացական լավագույն ֆիլմերից:

Այս տարի փառատոնի շրջանակներում կկայանա նաև «Ռուսաստանի ֆիլմերի օրեր» ծրագիրը` Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության և «Կինոֆեստ» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: Ծրագրում կներկայացվեն ռուսաստանյան արտադրության ֆիլմեր` այդ թվում նաև Սոչիի «Կինոտավր» փառատոնի մի քանի հաղթող ֆիլմ: Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 9-ին` Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը մեզ չի բաժանել» ֆիլմի ցուցադրությամբ:

Միջազգային համագործակցությունների մասին խոսելով` ավելացնենք նաև, որ այս տարի ևս Փառատոնի հետ համագործակցում է Բրիտանական խորհուրդը` հատուկ մրցանակ սահմանելով կարճամետրաժ ֆիլմի համար:

Արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նաև նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների կողմից նախորդ տարում ստեղծված ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:

Կարևոր է նշել նաև, որ ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի պատվավոր հյուրերից մի քանիսը պատրաստակամ եղան վարպետության դասեր անցկացնել Երևանում: Մասնավորապես`  հուլիսի 8-12-ը «Նաիրի» կինոթատրոնում դասեր կանցկացնեն անվանի կինոգործիչներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Պավել Ֆիննը, Թուե Սթին Մյուլլերը, Յոս Ստելինգը և Գոդֆրի Ռեջիոն, ով համաձայնել է երիտասարդների հետ հանդիպում ունենալ նաև ԹՈՒՄՈ կենտրոնում:

 

Փառատոնը կամփոփվի Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմով, որը Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հայաստանի և Վրաստանի համատեղ արտադրություն է: Ի սկզբանե մշակվելով և զարգացվելով ուկրաինացի ռեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Օլենա Ֆետիսովայի կողմից` ֆիլմն իրականացվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Սերժ Ավետիքյանի հետ համատեղ ռեժիսորությամբ, ով նաև հանդես է գալիս ֆիլմի գլխավոր դերում: Պատմելով Փարաջանովի կյանքի ամենաուշագրավ իրադարձությունների և ստեղծագործությունների մասին` ֆիլմը Փարաջանովի արտասովոր աշխարհայացքի գունեղ մեկնաբանությունն է: Ֆիլմի ցուցադրությանը կհաջորդի փակման հանդիսավոր արարողությունը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

Նյութի աղբյուրը` փառատոի պաշտոնական կայքէջ 

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից թանկանում են գազն ու էլեկտրաէներգիան’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում` «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի բացումից’