‘«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի չորրորդ օրը’

1218

«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի չորրորդ օրը ևս հագեցած էր մամուլի ասուլիսներով ու տարբեր միջոցառումներով: Այս մասին հաղորդում է «Ոսկե ծիրանի» պաշտոնական կայքը:  Լրագրողների հետ հանդիպել և իրենց ֆիլմերն են ներկայացրել Հայկական համայնապատկեր ծրագրում ընդգրկված «Շքամուտք» (ռեժ.` Լուսինե Սարգսյան), «Թևանիկ» (ռեժ.` Ջիվան Ավետիսյան), «Աստղ» (ռեժ.` Աննա Մելիքյան) խաղարկայինների, և այնուհետ` նույն ծրագրում ընդգրկված «Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն»  (ռեժ.` Ռուբեն Գինեյ), «Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է» ( ռեժ.` Արման Երիցյան) և «Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն» (ռեժ.` Իվան Տվերդովսկի) վավերագրականների հեղինակ ռեժիսորները: Կեսօրին  տեղի է ունեցել  «Սոցիալական փոփոխությունների կինո» ծրագրի շրջանակներում իրականացվող հանրային բանավեճ- քննարկումը, որին որպես բանախոսներ հանդես են եկել լեհ լեգենդար քաղաքական գործիչ Ադամ Միխնիկը, անվանի կինոգետ Ռիչարդ Պենյան, լրագրող Նունե Սարգսյանը և ոլորտի այլ մասնագետներ:

Կարևորագույն իրադարձություններից էր մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված կոկտեյլը, որն իրականացվել էր «Ոսկե ծիրանի» երկար տարիների գործընկեր «Արարատ» կոնյակի գործարանի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում կազմակերպությունը փառատոնի պատվավոր հյուրերից հռչակավոր Ցզյա Չժանկեին հանձնել է  բացառիկ քանակությամբ արտադրված «Փարաջանով» կոնյակ` որպես հուշանվեր: Իսկ փառատոնի գործընկեր «Վեդի Ալկո» ընկերությանը հաձնվել է «Ոսկե ծիրան» հուշամեդալ` արդյունավետ և երախտավոր համագործակցության համար:

Նշենք, որ իրադարձությանը փառատոնի բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա էր  եղել նաև փառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանը:

Օրվա երկրորդ կեսին տեղի  է ունեցել Նոր գերմանական կինո ծրագրի բացումը` «Աշխարհների միջև» (ռեժ.՝ Ֆեո Ալադաղ)-ի ցուցադրությամբ: Իրադարձությանը ներկա են եղել  և հանդիսատեսին ողջունել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մորելը, Գյոթե Ինստիտուտի թբիլիսյան մասնաճյուղի տնօերնը և փառատոնի գեղարվեստական ղեկավար տիկին Հարությունյանը: Վերջինիս փառատոնի անունից  Գյոթե ինստիտուտին է հանձնել  «Ոսկե ծիրան» հուշամեդալը:

Երեկոյան փառատոնի հյուրերի մի մասը մասնակցել է Տոլմայի փառատոնին Սարդարապատում, մյուսները` «Կադանս» խմբի համերգին` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Երեկոյան  տեղի է ունեցել Քեն Դավիդյանի հետ հանդիպում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:  ինչպես նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» վավերագրականի երևանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում: Օրն ամփոփվեց Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա համերգով և Պողոսյան այգիներում «Սիրիր ինձ»  (ռեժ.՝ Մարինա Էր Գորբաչ, Մեհմեթ Բահադիր Էր) ֆիլմի ցուցադրությամբ:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանի ձերբակալության պատճառների մասին ռուսական լրատվամիջոցները հետաքրքիր մանրամասներ են հրապարակել ‘
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Քարվաճառ մուտք գործելու բոլոր ուղիները կհայտնաբերվեն ու կականապատվեն’