‘«Ոստիկանական ֆինանսական բուրգի գործը» դատարանում է’

1137

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ  Պողոսյանին է  մակագրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության՝  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին առաջին կետ,  հատկանիշներով  քաղաքացի Արթուր Անդրեասյանի դեմ հարուցված  քրեական գործը: Այս մասին հաղորդում է Pastinfo.am կայքը։ 

Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Արթուր Անդրեասյանի, ՀՀ ոստիկանության նախկին և գործող մի շարք պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ քաղաքացիների կողմից ուրիշի` առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու, կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու, վաշխառությամբ զբաղվելու դեպքերի վերաբերյալ: 

Արթուր Անդրեասյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի մայիսի 3-ը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով՝ թվով  7 քաղաքացուց հափշտակել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումար, նրանց անշարժ  գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք: 

Մամուլի հրապարակումներում որպես խարդախություններով ու  շորթումներով զբաղվող խմբի  ակտիվ դերակատարներ շոշափվում էին Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի, ինչպես նաև՝  Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունները։    

ՀՔԾ-ն առայժմ ոչ հաստատում, ոչ հերքում է այդ տեղեկությունները, իսկ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի համաձայն՝ Արթուր Անդրեասյանին առաջադրված մեղադրանքում  այդ անունները անուղղակիորեն են շոշափվում. Ա.Անդրեասյանը շահարկել է նրանց անունները: 

Այսպես, ըստ  համառոտ մեղադրական եզրակացության՝ բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում՝ Ա.Անդրեասյանը նկարագրված արարքները կատարել է` Կարեն Բաբակեխյանի, Ներսես Նազարյանի, նրա որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության շնորհիվ, իր հանդեպ վստահության շահարկմամբ,  խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով:

Նախորդ հոդվածը‘Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում’
Հաջորդ հոդվածը’20 համարի երթուղու վարորդները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը (տեսանյութ)’