‘Ոստիկանը Շանթ Հարությունյանի գործով տուժող է ճանաչվել աչքերը մրմռալու պատճառով’

1161

Շանթ Հարությունյանի և 13 ընկերների գործով այսօր անցկացվող հերթական դատական նիստի ընթացքում նախատեսված էր լսել տուժող ճանաչված ոստիկաններից հինգի, այդ թվում՝ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքները, սակայն Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի վատ զգալու պատճառով նիստը հետաձգվեց, իսկ դատարանը հնարավորություն ունեցավ լսել ոստիկաններից միայն մեկի՝ Անդրանիկ Առաքելյանի ցուցմունքը:

«Սկզբում թվում էր, թե պատրաստվում են խաղաղ երթ անցկացնել, սակայն, երբ երթը մեկնարկեց, մոտ 150 հոգի փորձեցին դուրս գալ փողոց՝ փայտե մահակներով: Այն ժամանակ, երբ ոստիկանները կատարում էին իրենց ծառայողական պարտականությունները, երթի մասնակիցները սկսեցին պայթուցիկներ տրաքացնել եւ չենթարկվեցին մեր օրինական պահանջին»,- ասաց ոստիկանը՝ հավելելով, որ ծխի հետեւանքով չի կարողացել տեսնել, աչքերը սկսել են մրմռալ, ինչի պատճառով էլ գործով տուժող է ճանաչվել:

Անդրանիկ Առաքելյանի խոսքով՝ ոստիկաններին նախապես հրահանգ է եղել, որ օժանդակեն խաղաղ երթին, իսկ երբ երթի մասնակիցները փորձել են դուրս գալ փողոց՝ Շանթ Հարությունյանին զգուշացրել են, որ մյուսներին ուղղորդի մայթով քայլել: Այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանները բարձրախոսով դիմել են երթի մասնակիցներին՝ երթեւեկելի մաս դուրս չգալու պահանջով՝ ոստիկանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Այնուամենայնիվ, ոստիկանի պնդմամբ՝ իրենք հատուկ ուժ չեն գործադրել:

Շանթ Հարությունյանը փորձեց պարզել, թե արդյո՞ք ոստիկանը տեսել է, թե ինքը քայլելիս ում հետ է զրուցել՝ ասելով «Չես հիշում, որ Օսիպյանի հետ էի», որին ի պատասխան՝ ոստիկանը նշեց՝ «Հնարավոր է»: Արձագանքելով Առաքելյանի այս պատասխանին՝ Հարությունյանը բղավեց՝ «Որ ասեմ՝ Սերժի հետ էի, էլի ասելու էիր՝ հնարավոր է»:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 16-ին, որի ժամանակ նախատեսվում է լսել ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը: 

Նախորդ հոդվածը‘Գավաթը «Մարականա» կբերեն Պույոլը և բրազիլացի մոդել Բուդխենը’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին իր երազանքի իրականացման համար կանի անգամ անհնարինը’