‘Ոստիկանները` հանցագործի դերում. «Ժողովորդ»’

1645

Վերջին շրջանում օպերատիվ ամփոփագրերը «զարդարում են» ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների մասին լուրերը: Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին կանխել կամ բացահայտել հանցագործությունները, իրենք են գնում այդ քայլին: Ոչ բոլոր դեպքերում են ոստիկանները կարողացել «հաջողությամբ պսակել» իրենց ապօրինությունը, բայց միայն այն հանգամանքը, որ նրանք դիմել են հանցանքի, բավականին խոսուն է:

 Դատեք ինքներդ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին երկու կին ոստիկանությունում հայտարարություն էին տվել, որ գիշերն անհայտ անձը զինված մտել է իրենց տուն, կողոպտել, ապա նստեցնելով ավտոմեքենա, տարել է Ջրվեժի գերեզմանոց ու թողնելով այնտեղ, հեռացել: Նախաքննության ընթացքում պարզվել էր,  որ դիմակավորված անձը եղել է նախկին ոստիկան, սերժանտ, 1985թ. ծնված Էդգար Վարագյանը, ով կոտրելով Ք. Բ.-ի տան պատուհանը, ներս էր մտել, ատրճանակով սպառնացել նրան ու անչափահաս դստերը: Հետո, ձեռնաշղթայով կապել էր Ք. Բ.-ին, կպչուն ժապավենով` դստեր ձեռքերը, և «անցել գործի»`  հափշտակելով ոսկե զարդեր, 186 հազար դրամ և 100 դոլար: Այդքանից հետո կանանց խցկել էր տանտիրուհու «Մերսեդես-Բենց»-ի բեռնախցիկը, հասցրել Ձորաղբյուր գյուղի ամայի այգիների մոտ, որտեղ և կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել Ք.Բ-ի հետ:

Եթե այս պատմության մեջ նախկին ոստիկանն էր նման քայլի դիմել, ապա 2013թ. օգոստոսի 5-ին Գյումրիի «Ռուբին» ոսկերչական սրահից գողությունը իրականացրել էին գործող ոստիկանները: Գիշերը՝ ժամը 4:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Քալաշյանը և նույն բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Բաղդասարյանը փորձել էին թալանել Գյումրիի Խաղաղության օղակ 8 հասցեում գործող «Ռուբին» ոսկերչական սրահը: Սակայն գողության փորձը կանխվել էր` ոսկերչական խանութի անվտանգության ազդանշանները միանալու պատճառով: Հատկանշականն այն է, որ ոսկերչական սրահը թալանելու փորձ անող ոստիկանները եղել էին դիմակավորված:

Եվս մեկ ուշագրավ փաստ. 2014թ. հուլիսի 31-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սերժանտներից մեկը  զեկուցագիր է ներկայացրել` տեղեկացնելով, որ ՃՈ կարգապահական խմբերից մեկը Լենինգրադյան փողոցում կանգնեցրել է իր վարած մեքենան: ՃՈ տեսուչները ոստիկանության սերժանտին  կասկածել են ոգելից խմիչքի ազդեցության տակ  մեքենան վարելու մեջ: Կասկածներն իրականում անհիմն չեն եղել, սակայն ՃՈ տեսուչներից մեկը ոստիկանին արձանագրություն չկազմելու և չտուգանելու համար պահանջել է 70.000 դրամ: Վարորդ սերժանտը ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից, սակայն սա ևս չի փրկել իրավիճակը: Ու քանի որ սերժանտի մոտ այդ պահին գումար չի եղել,  վերջինս տեսուչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել`  հանդիպել հաջորդ օրը: Թեև հաջորդ օրը հանդիպելով տեսուչները հրաժարվել էին  պահանջած գումարը վերցնել, սակայն արդեն ուշ է եղել. գումար պահանջելն արդեն իսկ քրեական գործի առիթ է: ՀՔԾ-ում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 311 հոդվածի երկրորդ մասով, իսկ տեսուչ Տիգրան Գևորգյանը ձերբակալված է:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Լիբերիայում արտակարգ դրություն է հայտարարվել Էբոլայի պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Հարավկովկասյան երկաթուղին երկաթի ջարդոն է արտահանում Իրան. «Հրապարակ» ‘