‘Ոստիկանները Ս. Սարգսյանին պաշտպանում էին տաք թեյնիկներից. Ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են դատարանում ‘

1475

ՀՀ վարչական դատարանում շարունակվում են բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների գործով դատական նիստերը: Մարտի 16-ին դատարանը քննեց 2014թ. մարտի 13-ին Մաշտոցի պուրակից բերման ենթարված Աննա Շահնազարյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցը: Նշենք, որ այդ օրը պուրակում նախատեսված էր միջոցառում՝ պուրակի անվանափոխման վերաբերյալ, որին պետք է մասնակցեին Ֆրանսիայի նախագահն ու Սերժ Սարգսյանը:

Դատական նիստի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը նշեց, որ միջոցառումը հանրային էր, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։ Նշենք, որ այդ օրը ոստիկանությունը հավաքված քաղաքացիների միջև կազմել էր շղթա՝ արգելելով պուրակի անվանափոխության դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին միանալ միջոցառմանը մասնակցող այլ անձանց։ Աննա Շահնազարյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի այն հարցին, թե ինչ սկզբունքով էր որոշվել, թե ո՞վ կարով է լինել միջոցառման անցկացման վայրում, և ո՞վ՝ ոստիկանական շղթայի հակառակ կողմում, Սոնա Մելիքյանը պատասխանեց, որ ոստիկանները ապահովել են անվանգություն, քանի որ հավաքի մասնակիցների ձեռքին եղել են տաք թեյնիկներ և այլ առարկաներ։

Սակայն Աննա Շահնազարյանի ձեռքին, նույն Ս.Մելիքյանիխոսքով՝ որևէ իր չի եղել, իսկ ոստիկանները նրան թույլ չեն տվել անցնել շղթայից այն կողմ, քանի որ արդեն կազմված էր շղթան, և ոստիկանները օրինական պահանջ էին ներկայացրել չհրել, չճեղքել շղթան, չխախտել հասարակական կարգը։ Ոստիկանության ներկայացուցչի պնդմամբ՝ եթե Աննա Շահնազարյանը կամ հավաքի այլ մասնակիցներ շուտ գային և լինեին միջոցառման մասնակիցների մեջ  մինչև ոստիկանների կողմից շղթայի կազմումը,ապա որևէ խնդիր չէր լինի, և նա բերման չէր ենթարկվի։ Ուշագրավ է, որ հարցին թե ինչպե՞ս էր  Աննա Շահնազարյանը խախտում հասարակական կարգը, ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ Ա.Շահնազարյանը հրում էր ոստիկանների շղթան և նույնիսկ մի քանի անգամ նրան հաջողվել է ճեղքել այդ շղթան, սակայն նրան բռնել և վերադարձրել են շղթայի մյուս կողմ։

Տիգրան Եգորյանի այն հարցին, թե արդյո՞ք Աննա Շահնազարյանը ծանուցվել է իր իրավունքների սահմանափակումից բխող իրավունքների վերաբերյալ, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ նա ծանուցվել է բերման ենթարկվելիս՝ տեղում, և ճանապարհին՝ ոստիկանական մեքենայում ամբողջ ճանապարհի ընթացքում մի քանի անգամ, ինչպես նաեւ ոստիկանության բաժնում (դրանք ընդամենը 8 իրավունքներ են, որոնք կարող են ասվել մոտ մեկ րոպեում, փաստորեն՝ ոստիկանները Աննա Շահնազարյանի համար դասընթաց են կազմակերպել՝  իր իրավունքների վերաբերյալ ծանուցելու պարտականության շրջանակներում)։

Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչու՞ է Աննա Շահնազարյանը ոստիկանության բաժնում պահվել երեք ժամից ավելի, եթե նրա նկատմամբ իրականացված վարչարարությունը կարելի էր իրականացնել կես ժամվա ընթացքում: Ի պատասխան՝  ոստիկանության ներկայացուցիչն ասաց, թե ոստիկանները ոչ մի տեղ չէին շտապում, շտապելու կարիք չկար։ Նա նշեց, որ ձգձգման պատճառ է եղել նաեւ կին ընթերականեր գտնելը` բերման ենթարկվածին անձնական զննության ենթարկելու համար, սակայն ըստ Ս.Մելիքյանի՝ Ա.Շահնազարյանին բերման են ենթարկել 13.05.2014թ.՝ ժամը 11:55, իսկ ըստ արձանագրության՝ անձնական զննություն է իրականացվել 12:15 –ից մինչև 12:25-ը ընկած ժամանակահատվածում: Վերոգրյալն ակնհայտ է դարձնում ոստիկանի արդարացման անհեթեթությունը: Որպես Ա.Շահնազարյանին ոստիկանության բաժնում պահելու երկարաձգման պատճառ, ըստ Ս.Մելիքյանի, եղել է նաեւ բերման ենթարկված անձի անուն ազգանունը, սակայն ինչպես պարզ է դառնում վարչական գործի նյութերից, Ա.Շահնազարյանի տվյալներն առնվազն  12:15 –ին հայտնի են եղել:  Իսկ հարցին, թե ի՞նչ գործողություն է իրականացվել Ա.Շահնազարյանի հետ 12:25-ից մինչև ժամային տվյալ պարունակող մյուս փաստաթուղթը՝ բացատրության արձանագրության կազմումը 14:25, Ս.Մելիքյանը հայտնեց որ անձամբ երկու անգամ ջուր է բերել  Աննա Շահնազարյանին:

Նշենք նաև, որ սույն գործով ներկայացուցչությունն իրականացվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից` «Ինքնաբավ քաղաքացիական ակտիվիզմ Ա-ից Ֆ» ծրագրի շրջանակներում, որն էլ, իր հերթին, իրականացնում է ավելի քան 200 քաղաքացիական ակտիվիտների ներկայացուցչությունը դատական համակարգի տարբեր ատյաններում:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 1-ին’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չցանկացավ թրջվել նաիրիտցիների հետ’