‘Ոստիկանները Քիշնևի քաղաքապետին ստիպել են ալկոհոլային թեստ անցնել’

835

Ավտոմատներով զինված ոստիկանները կանգնեցրել են Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեի անձնական ավտոմեքենան և  նրանից պահանջել են արյան մեջ ալկոհոլի առկայության թեստ անցնել: Այդ մասին Moldnews-ին հաղորդել է Լիբերալ կուսակցությունից պատգամավոր Վալերիու Մունտյանուն: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 2-ի ուշ երեկոյան: Թեստը զրոյական արդյունք է ցույց տվել, որից հետո ոստիկանները հեռացել են:

«Սա դասական պատվեր է, ինչպես Ստալինի ժամանակներում: Մենք ներքին գործերի նախարարից պահանջում ենք ներկայանալ և բացատրություն տալ, թե ինչու է նման բան տեղի ունեցել»,- հայտարարել է լիբերալ պատգամավորը:

Կիրտոակեն ինքն իր Facebookյան էջում նշել է, որ ոստիկաններն իր ավտոմեքենան շրջափակել են տեղական ժամանակով ժամը 22-ին, երբ նա մայրաքաղաքի Չեկանի հատվածից գնալիս է եղել քաղաքապետարան: Ընդ որում՝ քաղաքացիական հագուստով մեկն այդ ամենը նկարահանել է տեսախցիկով՝ քաղաքապետին մեղադրելով, որ նա մեքենան վարում է ոչ սթափ վիճակում (Կիրտոակեն խոստովանել է, որ ժամը 19-ի և 20-ի միջակայքում մի գավաթ գարեջուր է խմել): «Թեստի զրոյական արդյունքից հետո ինձ բաց թողեցին, և ես, սեփական նախաձեռնությամբ, գնացի թմրադիսպանսեր և ալկոհոլի ևս մի թեստ հանձնեցի, որը նույնպես զրոյական արդյունք ցույց տվեց»,- գրել է քաղաքապետը:

Կիրտոակեն նախկինում մի քանի անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Մասնավորապես՝ նրան բռնեցրել են քաղաքի կենտրոնում մեքենան սխալ կայանելիս: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Միզուլինան iPhone-ն անվանել է մանկապիղծի գործիք’
Հաջորդ հոդվածը‘Բեկենբաուեր. Բրազիլիայի հավաքականը պետք է վերանայի իր խաղի փիլիսոփայությունը’