‘Ոստիկանները և ոստիկան ներկայացող անձինք ահաբեկում են քաղաքացուն. Ահազանգ’

1507

Վարուժան Ավետիսյան. «Շտապ տարածել. ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ` ԱՐՏՈՆԱԳԻՐ 1339:

Քիչ առաջ իմ ընկերը` Հրաչիկ Միրզոյանը, որն այս պահին գտնվում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, հեռախոսով հայտնեց, որ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում Արտանիշ գյուղի իր տան դուռը ուժեղ ծեծել են քաղաքացիական հագուստով 7-8 հոգի և ներկայացել որպես ոստիկաններ: Նրանք Հրաչից պահանջել են դուռը բացել և դուրս գալ: Հրաչն ասել է, որ չի հավատում, որ իրենք ոստիկաններ են և պահանջել է, որ նրանք հեռանան: Նրանք հեռացել են տան մոտից, իսկ Հրաչը, մտածելով, թե նրանք թողել-գնացել են, դուրս է եկել հողամասի դարպասը փակելու, որտեղ այդ մարդիկ հարձակվել են նրա վրա և գետին են տապալել նրան, ջարդել են ակնոցները և վնասվածքներ պատճառել: Մինչ այդ Հրաչը տեղի ոստիկանություն է զանգել և օգնություն խնդրել: Նրանք Հրաչին որևէ պահանջ չեն ներկայացրել և իրենք էլ չեն ներկայացել, սակայն սկսել են ճնշում գործադրել նրա վրա, որ տան դուռը բացի: Այդ ընթացքում ժամանել է տեղի ոստիկանության կարգախումբը` փ/գ-տ Մխիթարյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակ անց տեղի ոստիկանները միացել են այդ մարդկանց և մինչ այս պահը Հրաչի բակում են ու փորձում են դուռը ջարդելով ներս մտնել: Քանի որ Հրաչը անակնկալ հարձակումից և քաշքշոցից սթրես է տարել և իրեն շատ վատ է զգացել, հարևանները զանգել են շտապ օգնություն: Այժմ Հրաչը հարևանի տանն է և վախենում է դուրս գալ: Հրաչի տանը ներկա պահին կին և մանկահասակ երեխա կա, որոնք շատ վախեցած են: Որպես ոստիկան ներկայացող անձինք նրանց ահաբեկում են և սպառնում են դուռը ջարդելով ներս մտնել: Այդ կնոջ բոլոր պահանջները, որ իրենք անօրինական քայլեր են կատարում, անտեսվում են: Ես իմ հեռախոսահամարը տվեցի, որպեսզի այդ մարդիկ զանգեն ինձ և որպես փաստաբան կարողանամ պարզել իրավիճակը, սակայն նրանք ինձ չեն զանգում: Պաշտոնապես զգուշացնում եմ, որ Հրաչ Միրզոյանի կամ նրա տանը գտնվող անձանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև նրանց իրավունքներին ներկա պահին վտանգ է սպառնում: Ըստ Հրաչի տպավորության` նրանց մի մասը գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ»:

Խմբագրության կողմից

Ոստիակնությունը երբեմն շատ օպերատիվ արդձագանքում է մամուլի հրապարակումներին, բայց շատ դեպքերում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան է ունենում ասելու: Հուսանք, որ Ոստիկանությունը այս գրառման կապակցությամբ բան ունի ասելու:

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյանը պատրաստվում է հանրային հեռուստատեսություն հիմնել’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը ալիբի ունի. Մամուլ’