‘Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով ուսուցչուհու սպանությունը չկանխելու գործը կարճում են’

810

Ոստիկանների անփույթ վերաբերմունքի պատճառով Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը չկանխելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվելու է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` նոյեմբերի 9-ին ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկանների` իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն: «Որոշում է կայացվել ոստիկանության աշխատակիցներ Գարեգին Սարգսյանի, Անուշավան Հովսեփյանի, Գրիգոր Ավագյանի եւ Էդուարդ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,- հայտնեցին ՀՔԾ-ից: Նրանց փոխանցմամբ` ՀՀ քր. դատ օր-ի 200-րդ հոդվածի կարգով միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության պետին հիշյալ ոստիկանների աշխատանքներում տեղ գտած թերություններն ու բացթողումները քննության առնելու, հետագայում չկրկնվելու ու բացառելու նպատակով, ինչպես նաեւ կարգազանց ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ինչպես ilur.am-ը ավելի վաղ հայտնել էրՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի վարչության և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններն իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել, այն է՝ 2012թ-ի օգոստոսի 12-ին՝ ժամը 04.41-ի սահմաններում, ստացված հաղորդումը պատշաճ չեն հաշվառել եւ օպերատիվ չեն արձագանքել, ինչի արդյունքում չի կանխվել ու մինչև օրս չի բացահայտվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Լուսինե Ղազարյանի սպանությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Կոմիտաս փողոցի բնակարաններից մեկում խեղդամահ արված կնոջ են գտել: Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը: Նա 44-ամյա Լուսինե Ղազարյանն է, ով ուսուցչուհի էր աշխատում Արաբկիր վարչական շրջանի դպրոցներից մեկում:

Նախորդ հոդվածը‘Զիմբաբվեի նախագահի շրջապատը յուրացրել է 2 մլրդ դոլարի ադամանդներ’
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Հրահանգում են ամեն գնով քվեներ ապահովել իշխանական թեկնածուի օգտին’