‘Ոստիկաններն այցելում են ազատամարտիկներին ու սպառնում նրանց’

1255

Խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մի քանի մարտական ընկերներին օրերս այցելել են ոստիկաններ եւ հորդորել չմասնակցել ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի կազմակերպվող հավաքներին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց դեմ տարբեր պատրվակներով քրեական գործեր կհարուցվեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ, Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը բողոքարկող հայցով դատական առաջին նիստից առաջ հայտարարեց  «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության ղեկավար Գագիկ Սարուխանյանը։ Հայտնում է News.am-ը:

«Այս իշխանություններն այնքան են լկտիացել, որ օրերս այցելել են մեր մի քանի ազատամարտիկների տներ, սպառնացել, որ Վոլոդյայի հավաքներին չմասնակցեն, թե չէ ինչպես Գառնիկ Խչեյանի դեպքում, իրենց դեմ էլ գործեր կհարուցեն։ Դա մեզ վախեցնելու համար է, բայց մենք վախեցողը չենք, ով որ վախեցել է, արդեն չեն գալիս այս հավաքներին»,- հայտարարեց նա։

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ իշխանությունները այնքան են վախեցած Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունից, որ ծայրահեղ քայլերի են դիմում՝ ազատամարտիկներին հետ պահելու համար. «Եթե մեզ բոլորիս ուզում եք կանգնեցնեք, ուրեմն ստիպված եք լինելու մեզ բոլորիս գցեք բերդերը»։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Նախորդ հոդվածը‘Հրաբխի ժայթքման սպառնալիք Ֆիլիպիններում’
Հաջորդ հոդվածը‘Բուրկհալտերը ԼՂ հարցում ինտենսիվ բանակցությունների հույս է հայտնել’