‘Ոստիկանության աշխատակիցը օտարերկրացուն ապօրինի զրկել է ազատությունից’

977

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ապօրինի ազատությունից զրկելու և բռնաբարության փորձի դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասով և 34-138-րդ հոդվածի 1-ին մասով կատարված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն 2014թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրեն ամրակցված՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող ավտոբուսով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տարածքով երթևեկելիս կանգ է առել կանգնելու նշան անող Յուլիա Ա.-ի մոտ և համաձայնել նրան տեղափոխել վերը նշված վարչական շրջանի 3-րդ թաղամաս: Ճանապարհին տեղեկանալով, որ վերջինս ժամանել է այլ երկրից, չի տիրապետում հայերեն լեզվին և մոլորվել է` տվյալ տարածքում գիշերային ժամին Յուլիա Ա.-ի գտնվելու պատճառները պարզելու, նրա անձի, վարքագծի վերաբերյալ իր երևակայությամբ առաջացած կասկածները ճշտելու նպատակով առանց նրան առևանգելու մտադրության մեքենան վարել է տարբեր ուղղություններով և Յուլիա Ա.-ին ավտոբուսից իջնելու հնարավորություն չի տվել: Ոստիկանության աշխատակից Հայկ Բ.-ն շուրջ չորս ժամ նրան ապօրինի զրկել է ազատությունից, այդ ընթացքում Յուլիա Ա.-ի կամքին հակառակ փորձել է նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն վերջինս դիմադրություն է ցույց տվել, թույլ չի տվել հանել զգեստը, ոտքով հարվածել ու ոստիկանին մի կողմ է հրել, և այդ պայմաններում Հայկ Բ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն չկարողացավ միայնակ Հաշվիչ հանձնաժողով ձեւավորել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային պատկերասրահում կմեկնարկի Տատյանա Դանիելյանցի «Ներքին լույս» ցուցահանդեսը’