‘Ոստիկանության գնդապետը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նա կալանավորվել է’

855

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ  Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն:

Խաչիկ Մարտիրոսյանը  ձերբակալվել էր  հունվարի 31-ին՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ.Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ` առաջարկելով իր ծառայությունները: 

 Ըստ  նախաքննական մարմնի՝ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության, Խ.Մարտիրոսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ և դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ.Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը, սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:

 Նշենք, որ 1953թ. ծնված Խաչիկ Մարտիրոսյանը Երևանի բնակիչ է: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, Խ.Մարտիրոսյանը 21.01.2011թ.  ազատվել է ոստիկանությունում ծառայութունից՝ սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:  

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ.Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Թովմասյանը վարվում է սովորական ժուլիկի նման (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռուստամյան. Օրակարգում մնում է միայն մեկ հարց՝ իշխանափոխությունը’