‘Ոստիկանության գործողություններից Աշոտյանն ու ԱՄՆ դեսպանությունը նույն տպավորություններն են ստացել ‘

1671

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում տեղ գտած բռնությունների մասին հաղորդումներով, ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ դեսպանությանը նաեւ անհանգստացնում են հաղորդումներն այն մասին, որ գործողության իրականացման ընթացքում հատուկ թիրախ են հանդիսացել լրագրողներն ու նրանց սարքավորումները:

«Հրամայական է, որ կառավարությունը ՀՀ օրենսդրության շրջանակում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին հաղորդումների ամբողջական ու թափանցիկ քննություն անցկացնի», — ասվում է հաղորդագրությունում:

 

Միեւնույն ժամանակ, նշվում է, որ «հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են, և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին՝ հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից», — ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ՝ նրա որոշ գործընկերներ, գոհունակություն էին հայտնել, որ «ունենք այսպիսի երիտասարդություն և արհեստավարժ գործող ոստիկաններ»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ նա հպարտություն է զգում Հայաստանի երիտասարդության համար, որ պայքարում է իր քաղաքացիական պարտքի զգացումով և հպարտություն է զգում արհեստավարժ ոստիկանների համար, որը բավականին «արհեստավարժ, եվրոպական չափանիշներով գործողություններ է իրականացրել»:

 

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ ներկայացուցիչը՝ Երեւանում լրագրողների դեմ բռնությունների մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱՆ-ն նոր տվյալներ է հաղորդում բռնության ենթարկվածների մասին’