‘Ոստիկանության Իջևանի բաժնի պետը ձերբակալվել է’

1122

Դեռևս օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը` Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին` նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն` նախ` որոշել են թաքցնել դեպքը, ապա` դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը: Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին` դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:

2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Լիսկան «ատկազ է կանգնում» իր հորաքրոջ որդուց’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերուն’