‘Ոստիկանությունը արձագանքեց միայն ժամեր անց’

616

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ մեր լրագրողին Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկելու փաստի առիթով դեպքից անմիջապես հետո ահազանգել էինք ոստիկանություն: Ահազանգից մոտ քսան րոպե անց նորից էինք զանգահարել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ինչո՞ւ օպերատիվ կերպով չեն արձագանքում: Մեզ տեղեկացրեցին, թե շուտով կարձագանքեն: Մեր զանգին զուգահեռ մեզ հետ կապվեցին Ոստիկանության Ջրվեժի բաժնից՝ եւ ասացին, թե մենք մեր լրագրողին փոխանցենք, որ վերջինս դիմի տեղում ներկա ոստիկաններին: Մենք փոխանցեցինք մեր լրագրողի կոնտակտները, եւ մեր լրագրողը ոստիկաններին ասաց, որ չի պատրաստվում որեւէ մեկին դիմել, քանի որ միջադեպին ներկա են եղել ոստիկաններ, եւ մասնավորապես ոստիկանության մի մայոր, որը չնկատելու է տվել այդ ամենը: Քանի որ իրավիճակը կարող էր դուրս գար վերահսկողությունից, մենք գնացինք մեր լրագրողի հետեւից: Դեպքից ավելի քան մեկ ժամ անց մեզ զանգահարեց ոստիկանության Ջրվեժի բաժնի պետը եւ հրավիրեց ոստիկանություն՝ բացատրություն տալու: Տեղեկացրեցինք, որ լրագրողին պատռած շորերով բերել ենք խմբագրություն, եւ նյութ ենք հրապարակում կատարվածի մասին; Բացի այդ նշեցինք, որ մենք ահազանգել էինք ոստիկանություն, որպեսզի վերջինս օպերատիվ արձագանքի եւ ապահովի լրագրողի անվտանգությունը: Ու քանի որ ոստիկանության արձագանքը ավելի քան հեռու էր օպերատիվ լինելուց, այժմ լիովին անիմաստ ենք համարում Ջրվեժ հասնելն ու ոստիկանությունում բացատրություն տալը: Այնուհետեւ մեզ ասացին, որ խմբագրություն կգան հետաքննիչներ՝ հանգամանքները պարզելու համար: Արդեն ժամը 22-ն է, եւ ոստիկանությունը միայն նոր է ժամանել: Ահա այսպիսի օպերատիվ արձագանք: Իսկ այդ ընթացքում մենք կարողացանք պարզել մեր լրագրողին ծեծի ենթարկած հանցագործի ինքնությունը, որը պարզվում է ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու ՀՀԿ-ական թեկնածու՝ Աշոտ Պապայանն է: 

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի լրագրողին հարվածել է ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա»-«Բարսելոնա». Մեկնարկային կազմերը’