‘Ոստիկանությունը բացահայտել է Պապ թագավորի սպանությունը. Հանցագործը Սաշիկ Ս.-ն է ‘

5678

Ոստիկանության Այրարատի բաժնում քաղաքացիներ Սիմոնյան Ա.-ից, Աշոտյան Ա.-ից եւ Մինասյան Է.-ից հաղորդում է ստացվել, որ մ.թ. 374 թվականին անհայտ հանգամանքներում սպանվել է մ.թ. 353 թվականին ծնված՝ Արշակունիների տոհմից Պապ անունով թագավորը:

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի վերահսկողությամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բագրևանդ գավառի Խու կոչված դաշտում կատարված սպանությունն իրականում հույն զորավար Տերենտիոսը չի կատարել: 

Ոստիկանությունը ունի հիմնավոր կասկածներ, որ չնայած արխիվներում առկա այն վկայություններին, թե Պապը սպանվել է հույն զորավար Տերենտիոսի մոտ կազմակերպված գինեխումի ժամանակ, եւ ըստ նկարագրության, իբր՝ «մինչ Պապը ուրախության գինու ոսկե թասը ձեռին բռնած՝ բերանին էր մոտեցնում և նայում գուսանների խմբին, իսկ աջ ձեռը դրել էր աջ ազդրին կապած դաշույնի կոթին, թագավորի թիկունքին կանգնած երկու սակրավոր զինվորներ, սպասավորման ոսկեպորտ վահաններով պատսպարված, իրենց սակրերը միասին բարձրացնելով, զարկում են Պապ թագավորին, մեկի հարվածից թագավորի վիզն է կտրվում, մյուսից՝ աջ ձեռի թաթը, որ դրված էր դաշույնի կոթի վրա։ Պապ թագավորը բերանքսիվայր ընկնում է սեղանին, թասով գինին խառնվում է պարանոցից հոսող արյանը, և նա տեղնուտեղը մեռնում է», իրականում սպանությունը կատարել է մեկ այլ անձ։

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի վերահսկողությամբ՝ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մասնավորապես, պարզվել է, որ սպանությունը կատարել է քաղաքացի Սաշիկ Ս.-ն, ով երեկ ոստիկանության կենտրոնի բաժանմունքում խոստովանել է իր մեղքը, 02-ի հետ բացառիկ հարցազրույցում հանդես է եկել մեղայականով եւ հայտարարել, որ զղջում է իր կատարածի համար:

Պարզվել է նաեւ, որ հենց քաղաքացի Սաշիկ Ս.-ն է 24 տարի առաջ գողացել Վանաձորի քաղաքացի Մ.Հ.-ի «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը, դիմապակիներն ու դիմապակիները մաքրող սարքը:

Գողոնն առգրավված է: Դիմում ենք նաեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քանի որ հնարավոր է՝  քաղաքացի Սաշիկ Ս.-ից այլ տուժածներ եւս լինեն: Բոլոր նրանք, ովքեր դարձել են քաղաքացի Սաշիկ Ս.-ի զոհերը, կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին,կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Ցանկանում ենք հավելել նաեւ, որ պատմական արխիվներում հաճախ են հայտնվում այնպիսի պատմություններ, որոնց մի մասն աչքի է ընկնում կողմնապահությամբ, միտումով, գրվում է ապրիորի, անտեսելով փաստ ու իրողություն: Սովորաբար աշխատում ենք անտեսել նման հրապարակումները՝ հույս ունենալով, որ ընթերցողները դրանք կընկալեն որպես անհաջող քերթվածք: Բայց այս անգամ որոշեցինք, այնուամենայնիվ, պատասխանել, քանի որ մեր կարգախոսն է՝ «Չբացահայտվող հանցագործություններ չկան»:

 

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին

Կոլաժը Մարկ Անտոնյանի

 

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր. թիմերի գործակիցները’
Հաջորդ հոդվածը‘5 հայ օդաչուները զոհվել են հայ գեներալին պատկանող օդանավի վթարից’