‘Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ցուցարարներից մեկին’

911

Օգոստոսի 13-ին ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկել անժամկետ նստացույցի  մասնակից Միհրան Մելքոնյանին: 

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Մելքոնյանը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է  3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման, այնուհետեւ Անկախության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շրջանակներում նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում:

«Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին: Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել…  Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին», — ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘«Մենք ձեզ սպասում ենք ներքեւում». Ուսանողները հանդիպեցին Աշոտյանին (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած զանգվածային պսակադրությանը մասնակցել է 52 ամուսնական զույգ’