‘Ոստիկանությունը խաբել է ԱԺ-ին. նախազգուշացնող նշաններ պետք է լինեն ‘

1099

Շաբաթներ առաջ ՀՀ ոստիկանությունը, անդրադառնալով արագաչափ-տեսախցիկ սարքերից առաջ դրվող նշաններին, հայտարարել էր, որ «չի բացառվում, որ առաջիկայում այդ ցուցանակները կհանվեն և այլևս չեն կիրառվի»: Նման գործելաոճը ոստիկանությունը բացատրում է օրենքում նշաններ տեղադրելու պահանջի բացակայությամբ:

Իրոք, դեռևս 2008-ին ընդունված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքովնախատեսված չէ ճանապարհներին լուսանկարող սարքերի մասին նախազգուշացնող նշանների տեղադրումը:

Սակայն, եթե փորձենք ուսումնասիրել ՀՀ ԱԺ նիստերի սղագրությունները, ապա կպարզվի, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ ու պարզ չէ:

Այսպիսով, 2008 թվականի մարտի 20-ին և ապրիլի 7-ին ԱԺ լիագումար նիստերում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաև խնդրո առարկա օրենքը: Մարտի 20-ի նիստին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանի առջև բարձրացրեց նախազգուշացնող նշանների հարցը, որին, ըստ էության, գեներալ Մահտեսյանը պատասխանեց ԱԺ հաջորդ (ապրիլի 7-ի) նիստին օրենքի նախագծի` առաջին ընթերցմամբ ընդունման իր եզրափակիչ ելույթում.

«Օրինագծի կարգավորումից դուրս է նաեւ երթեւեկության տեխնիկական միջոցներով վերահսկելու մասին վկայող ճանապարհային նշանների տեղադրման հարցը, սակայն օրինագծի ընդունման պարագայում ՀՀ ոստինկանությունը հանդես կգա ճանապարհային երթեւեկության կանոններ հաստատած ՀՀ կառավարության 955 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, եւ համապատասխան նշանի հիմնադրումից հետո համայնքի ղեկավարներին կառաջարկվի դրանք տեղակայել համապատասխան ճանապարհներին»։

Այսինքն, այդ պահին ՀՀ կառավարությունը ԱԺ-ում ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետը օրենսդրին վստահեցրել է, որ այդ նշանները տեղադրվելու են, սակայն դա կկարգավորվի ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով (կառավարության որոշմամբ): Դրանով իսկ փոխոստիկանապետը բավարարեց  մի շարք օրենսդիրների և խմբակցությունների ցանկությունը, որոնք կողմ քվերակեցին նախագծին (դեմ քվեարկեց միայն «Ժառանգությունը»)՝ հաշվի առնելով, որ նախազգուշացնող նշանների հարցը, ըստ էության, լուծված է:

Սակայն, արի ու տես, որ օրենքի ընդունումից արդեն 4 տարի անց կառավարության 2007 թվականի թիվ 955 –Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները չարվեցին, իսկ նշանները (ավելի ճիշտ` ցուցատախտակները), որոնք դրվեցին արագաչափ տեսախցիկներից 50-100 մետր առաջ, կարող են հանվել: Իսկ տեսախցիկներով վերահսկվող խաչմերուկների մասին նախազգուշացնող նշաններ անգամ չեն էլ տեղադրվել:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը այժմ վարում է մի կուրս, որը տրամագծորեն հակասում է 2008 թվականի ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի` ԱԺ-ին տված խոստմանը: Դա նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը կամ պիտի վարի օրենսդրին խոսք տրված կուրսը, կամ պիտի պաշտոնապես ներողություն խնդրի ՀՀ ԱԺ-ից և ժողովրդից սուտ խոստում տալու համար:

Սակայն իրականում ներողությունն էլ չի փրկի ոստիկանությանը, քանի որ օրենքն ընդունելիս օրենսդիրը հաշվի է առել կառավարությանը ներկայացնող փոխոստիկանապետի` օրենքի կիրառմանը վերաբերվող մեկնաբանություն-խոստումը: Իսկ դա կարող է դառնալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի` նախազգուշացնող նշանների տեղադրման օգտին մեկնաբանման հիմք:

Դանիել Իոաննիսյան

hetq.am

Նախորդ հոդվածը‘Հարկային բեռը կծանրանա’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոն եւ երեք «քրջոտ ոչխարները»’