‘Ոստիկանությունը կոչ է անում չխաթարել վարորդների հոգեվիճակը’

1269

Քիչ առաջ ոստիկանությունը հանդես է եկել մի բավականին ուշագրավ հայտարարությամբ, որտեղ, ոչ ավելի, ոչ պակաս կոչ է անում չխաթարել վարորդների հոգեվիճակը:

 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

 

Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում,  մի խումբ անձինք  խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը, դուրս գալով  երթևեկության բանուկ   գոտի` երթուղային միկրոավտոբուսների դիմապակիներին փակցրել են տարբեր բնույթի կոչեր: Այս գործողություններով հիշյալ անձինք ոչ միայն խախտել են հասարակական կարգը, այլև,  ցավոք,  անտեսել այն իրողությունը, որ ուղևորափոխադրումներ իրականացնող  վարորդի  բարոյահոգեբանական վիճակով է պայմանավորված  մեր քաղաքացիների անվտանգությունը, իսկ նման հոգեբանական վիճակում   վարորդի երթևեկելը կարող է հանգեցնել անցանկալի, անգամ ողբերգական հետևանքների:

Եվ նույնիսկ այս պայմաններում  ոստիկանության ծառայողները հանդուրժողական վերաբերմունք են դրսևորել «Հավաքների մասին» ՀՀ օրենքի  պահանջների խախտումով անցկացված հավաքի մասնակիցների նկատմամբ`  բացատրելով նրանց գործողությունների ոչ միայն  անօրինական լինելը, այլև հնարավոր բոլոր վտանգավոր հետևանքները: 

Չնայած դրան, հավաքի առանձին մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների հորդորներին և օրինական պահանջներին, փորձել են դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողներին` խոչընդոտելով վարորդների աշխատանքը, ինչը և կանխվել է  ոստիկանության ծառայողների կողմից:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների  հոգեվիճակի  խաթարումը կարող է մարդկային կյանքեր արժենալ:

Ոստիկանությունը կոչ է անում հարգել համակեցության կանոնները և ձեռնպահ մնալ երթևեկության  յուրաքանչյուր մասնակցի իրավունքները խոչընդոտելուց, իսկ այն անձինք, ովքեր  ոստիկանության դրսևորած  հանդուրժողականության պայմաններում հանդգնել են խախտել օրենքի պահանջները,  կհայտնաբերվեն  ու կենթարկվեն պատասխանատվության:

 

 

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Բոլորը հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Եղիսաբեթ 2-րդը տղա ծոռ ունեցավ. ծնվել է Քեյթի եւ Ուիլյամի որդին ‘