‘Ոստիկանությունը հայտնում է, թե բացահայտել է կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը ‘

1099

Այսօր ոսիկանությունը իր կայքում տեղեկություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ:
Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին և առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:
Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվցքրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին հանցագործությունը բացահայտվեց:
Որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
Սարգսյանը սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև բեզոարյան այծը:
Նորիկ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն:
Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը: Քննությունը շարունակվում է»:

Մեզ մնում է միայն հիշեցնել, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածի (անմեղության կանխավարկածը) 1 կետի. «Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Լուսանկարը՝ ոտիկանության կայքի

Նախորդ հոդվածը‘Մհեր Մկրտչանյի արձանը կրկին իր տեղում է (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Compass band-ը Հայաստանը կներկայացնի մանկական Եվրատեսիլում ‘