Ոստիկանությունը վնասազերծել է գիշերային անկարգությունների տասնյակ մասնակիցների

425

Ալմաթիում ուժայիններն արձանագրել են վարչական շենքերի, ոստիկանության վարչության, շրջանային վարչությունների և ոստիկանական բաժինների գրավման մի քանի փորձ։

«Անցած գիշեր փորձ է արվել գրոհելու Ալմաթիի ոստիկանության վարչության, ինչպես նաև ոստիկանության շրջանային բաժանմունքների վրա։ Տասնյակ հարձակվողներ վնասազերծվել են, նրանց ինքնությունը պարզվում է»,- հաղորդել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ գերատեսչությանը պատկանող ևս երեք շենքերում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում։ Բնակիչներին կոչ է արվել ժամանակավորապես դուրս չգալ տներից և հեռու մնալ ոստիկանության բաժիններից։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել 2022 թ․ առաջին օրերին՝ ընդդեմ բնական գազի կրկնակի թանկացման։ Հանրապետության նախկին մայրաքաղաք Ալմաթիում հունվարի 4-ին, 5-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև, ոստիկանությունը արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Ամբողջ երկրում անջատվել է ինտերնետը, իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժորմատ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրություն է մտցրել Մանգիստաուսի և Ալմաթիի մարզերում, ինչպես նաև Ալմաթի և Նուր Սուլթան քաղաքներում։ Ավելի ուշ արտակարգ դրության ռեժիմը տարածվել է Ղազախստանի ողջ տարածքի վրա՝ մինչև հունվարի 19-ը։

Հունվարի 5-ի առավոտյան Տոկաևը արձակել է կառավարությունը և ստանձնել Անվտանգության խորհրդի ղեկավարումը՝ այդ պաշտոնից ազատելով երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Նախագահը հայտարարել է, որ իրավախախտների նկատմամբ իշխանությունը գործելու է չափազանց կոշտ։

Տոկաևը անցկացրել է ԱԽ-ի առաջին նիստը և իրադրությունը Ղազախստանում անվանել է «պետության ամբողջականության խարխլում», նա տեղեկացրել է, որ  «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար» օգնության է դիմել է ՀԱՊԿ-ին։

ՀԱՊԿ-ի  հավաքական անվտանգության խորհուրդը նույն գիշերը որոշում է կայացրել հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըATP Cup. Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի դեսանտայինները ժամանել են Ղազախստան