‘Ոստիկանությունը Տիգրան Սարգսյանի եւ Կճոյանի` Կիպրոսից բերած ստորագրություններն ուղարկել է փորձաքննության’

1610

Hetq.am-ը հիշեցնում է, որ ՀՀ ոստիկանության քննչական խումբը սեպտեմբերին մեկնել էր Կիպրոս:  Քննչական խումբը Կիպրոսի դատախազության հետ համատեղ քննչական գործողություններ է իրականացրել` պարզելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի առնչությունը Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններին: Այդ ընկերություններում ` «WLISPERA HOLDINGS LIMITED»-ում  եւ «A.B.S. GLOBAL LIMITED» ՍՊԸ-ում, բաժնետերեր են վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Կիպրոսից քննչական խումբը բերել է ընկերությունների ռեգիստրում առկա փաստաթղթերը: Ոստիկանության՝ «Հետքի» աղբյուրի փոխանցամամբ՝  Կիպրոսից բերված ընկերության հիմնադրման փաստաթղթերում առկա են Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ Կճոյանի ստորագրությունները: Ոստիկանությունը ստորագրություններն ուղարկել է փորձաքննության: Հիշեցնենք, որ «Հետքի» հետաքննության հրապարակումից հետո Տիգրան Սարգսյանը, «որպես փողերի լվացման մեխանիզմի գիտակ»՝  հայտարարեց, որ օֆշորային գոտում հաշիվ բացելով փողեր լվանալը անհեթեթություն է. եւ որ կարելի է առանց մարդու համաձայնության իր անունից հաշիվներ բացել եւ հաշվին միլիոնավոր դոլար գումարներ «նստեցնել»:

«Օֆշորային սկանդալին» իր մասնակցությունը հերքել է նաեւ Նավասարդ արքեպիսկոպոսը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դադարեցրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները’
Հաջորդ հոդվածը‘Բռնցքամարտի ֆեդերացիայում ԲԱՄՕ-ի տիրոջ տղային կփոխարինի ոստիկանապետի փեսան’