Ոստիկանությունը ցրել է ցույցը՝ ի պաշտպանություն ՌԴ քաղաքացու

448

Ադրբեջանական ոստիկանությունը չորեքշաբթի ցրել է ի պաշտպանություն բանտում գտնվող ռուսաստանցի քաղաքացի Սալեհ Ռուստամովի, որն արդեն 26 օր հացադուլի մեջ է։ Ռուստամովը հացադուլ էր հայտարարել, երբ համաներման չէր ենթարկվել։

Բաքվի կենտրոնում ակտիվիստները ակցիան սկսելու ժամ էին հայտարարել 15։00-ն, սակայն նրանց սկսել էին ձերբակալել մինչ այդ ժամը։ Ձերբակալվածների թվում կան  երիտասարդ ակտիվիստներ, ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության անդամներ։

Սալեհ Ռուստամովը Ռուսաստանի քաղաքացի է և այնտեղ է ապրել 1995 թվականից ու զբաղվել միջին բիզնեսով։ Նախկինում նա եղել է Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ, որն այն ժամանակ (1991-1993) իշխող կուսակցությունն էր։ Ռուստամովն Ադրբեջան էր եկել 2018 թ․ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու և ձերբակալվել էր։ Հաջորդ տարվա փետրվարին նա դատապարտվել էր 7 տարի երեք ամիս ազատազրկման՝ «անօրինական ձեռներեցության և ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությանը ֆինասավորելու միջոցով փողերի լվացման» մեղադրանքով։

Ադրբեջանցի իրավապաշտպանները քաղբանտարկյալների ցուցակ են կազմել, որտեղ ընդգրկված է նաև Ռուստամովը։ Իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի խոսքով՝ «ամենասկզբից էլ պարզ էր, որ այդ գործը քաղաքական է, քանի որ ոչ մի դատապարտելի բան չկա ընդդիմադիր կուսակցությանը ֆինանսավորելու մեջ»։

Բժիշկներն ահազանգել են, որ Ռուստամովի առողջական վիճակը տագնապալի է, և հացադուլը վտանգում է նրա կյանքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի ամենաթանկ քաղաքը
Հաջորդ հոդվածըUWW. Մալխաս Ամոյանը՝ տարվա առաջատարն է 72 կգ քաշային կարգում