‘Ոստիկանությունը «փոխադարձ հարգանքի» կոչ է անում’

748

Ոստիկանությունը քիչ առաջ հանդես է եկել նոր հայտարարությամբ, որտեղ մարդկանց փոխադարձ հարգանքի կոչ է անում: Այս անգամ ոստիկանները չեն սպառնում հատուկ միջոցներ կիրառել:

Ոստիկանության հայտարարությունը՝ ստորեւ.

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ Նախագահի այցելության կապակցությամբ  իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի և պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ:

ՀՀ ոստիկանությունը նախապես հայտարարել էր դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքում երթևեկությունը հատուկ գրաֆիկով կազմակերպելու, որոշ փողոցների՝ ժամանակավորապես փակ լինելու մասին: Այդ կապակցությամբ, Երևան քաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված են և դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող է խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:

Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիների վարքագիծը հիմք կհանդիսանա ՀՀ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երթի ընթացքում իրավախախտումներ կատարող անձինք կմեկուսացվեն և վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով կբերվեն ՀՀ ոստիկանություն:

Կրկին անգամ հորդորում ենք հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով տեղաշարժվելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

 

Նախորդ հոդվածը‘Կիև են բերվում Ուկրաինայի ներքին զորքերի նոր ստորաբաժանումներ’
Հաջորդ հոդվածը‘Ազգային ժողովի մոտից բերման են ենթարկել 10-ից ավելի քաղաքացիների’