‘Ոստիկանություն. Կոմիտաս 5-ում տարեց կնոջ նկատմամբ բռնության փաստով քննություն է ընթանում’

1572

Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ոստիկանությունը հայտարարում է,  որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել  է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են,  ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:

«Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝  և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության», — ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով:

 

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար ս.թ. օգոստոսի 23-ին Երևանում և Արարատի մարզի գյուղերում’
Հաջորդ հոդվածը‘Քեմբրիջի համալսարանի շրջանավարտը «Նուբարաշեն»-ում է. Նա մեղադրվում է ծղոտ վառելու մեջ’