‘Ոստիկանություն. Համացանցում տարածված տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է’

927

Համացանցային կայքերում տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի Facebook-ի էջում կատարված գրառումը, համաձայն որի` ՀՀ տարբեր բնակավայրերի ընտրողներ ներգրավվել են Երևան քաղաքի ընտրական տեղամասերի լրացուցիչ ցուցակներում` չհանվելով իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակներից:

ՀՀ ոստիկանությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ համացանցում տարածված  տեղեկատվությունն ակնհայտ հերյուրանք է, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որպես ՀՀ ընտրողների ռեգիստրը վարող մարմին, հավաստիացնում է, որ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները քննարկվել և որոշումները կայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջների հստակ պահպանմամբ: Ընդ որում, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 14.285, իսկ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների ժամանակ այդ թիվը կազմել է 15.399:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր լրացուցիչ ցուցակները կազմվել են բացառապես ծրագրային ապահովմամբ` ավտոմատ եղանակով, ինչը բացառում է միևնույն ընտրողի տվյալների կրկնությունը հիմնական և լրացուցիչ ցուցակներում: 

Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ցուցակները ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան, լիազոր մարմնի կողմից տպագրվել և տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին են հանձնվել միաժամանակ: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել’
Հաջորդ հոդվածը‘Ճեղք՝ կնքված քվեատուփի տակի հատվածում’