‘Ովքեր են քաղբանտարկյալները ‘

1828

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն քվեարկության արդյունքում սահմանեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի բնորոշումը և Եվրոպայի Խորհրդի երկրներին հանձնարարեց այսուհետև իրավաբանական քննարկումների ընթացքում հաշվի առնել այն: Այս իրադարձությունն առանձնապես կամ, ավելի ճիշտ` ընդհանրապես չլուսաբանվեց Հայաստանում: Տեղեկատվությանն անդրադարձ եղավ ընդամենը մեկ-երկու կայքերում և թերթերում:  Այս իսկապես կարևոր իրադարձության վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի քար լռությունից կարելի է ենթադրել, որ բնորոշումն այնքան էլ ձեռնտու չէ հայրենի իշխանություններին:

Սերժ Սարգսյանի ավտորիտար իշխանությունը, տարիներ շարունակ Հայաստանում քաղբանտարկյալներ ունենալու հետ միաժամանակ, փորձել է հնարավորինս խուսափել քաղբանտարկյալների առկայության հարցի միջազգայնացումից և դրա արդյունքում հնարավոր արտաքին ճնշումներից: Այդ առումով նրանց շատ ձեռնտու էր նախկին իրավիճակը, երբ «քաղբանտարկյալ» հասկացությունը լղոզված էր և ուներ բազմաթիվ մեկնաբանություններ: Այդ իրավիճակում, երբ «քաղբանտարկյալ» տերմինի ձևակերպումն ավելի շատ կախված էր անձերից և նրանց սուբյեկտիվ մոտեցումներից, ավելի հեշտ էր ազդել վերոնշյալ եվրոպական կառույցի՝ Հայաստանի վերաբերյալ կայացվող որոշումների վրա:

Այսինքն` մինչև սույն թվականի հոկտեմբերի 3-ը ԵԽԽՎ ներկայացուցիչներն ընտրովի էին որոշում Խորհրդի անդամ որևէ երկրում քաղբանտարկյալների առկայության կամ բացակայության հարցը: Իսկ այժմ տրված է «քաղաքական բանտարկյալ» տերմինի շատ հստակ բնորոշում, ինչը Սերժ Սարգսյանին այս հարցում մանևրելու և առևտուր անելու հնարավորությունից եթե անգամ իսպառ չի զրկում, ապա զգալիորեն նվազեցնում է այդ հնարավորությունը:

Ուշադրության է արժանի բնորոշման մեջ տեղ գտած հետևյալ նախադասությունը. «Քաղբանտարկյալ է համարվում նաև  անձնական ազատությունից զրկված անձը, երբ «ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով, օրինախախտման հետ առանց որևէ առնչության»: Նման բանտարկյալներ են համարվում նաև այն անձինք, «որոնց կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորեն անհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել»: Բացի այդ, քաղաքական բանտարկյալ է համարվում նաև այն անձը, որն ազատությունից զրկվել է «այլ անձանց համեմատ՝ խտրական վերաբերմունքի հիման վրա»:

Այս ձևակերպումը, կարելի է ասել,  շատ տհաճ իրավիճակի մեջ է դնում գործող իշխանություններին, որոնք համառորեն չեն ուզում ընդունել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը՝ ի դեմս ՀԱԿ 4 երիտասարդների: Նրանք ամեն կերպ խուսափում եմ տվյալ գործում որեւէ քաղաքական հանգամանք տեսնելուց, իսկ նախաքննական մարմինների ու դատարանի գործած ակնառու, ճչացող ապօրինությունները հորդորում են դիտարկել միայն իրավական տիրույթում՝ որպես նրանց բացթողումներ` ընդունելով երիտասարդների դեմ կիրառված պատժի անհամաչափության և անարդար լինելու հնարավորությունը: Սակայն ԵԽԽՎ-ն իր բնորոշմամբ այսուհետ անգամ այսպիսի մեղմ և «ոչ քաղաքական» հիմքերով դատապարտված, ակտիվորեն քաղաքականությամբ զբաղվող անձանց համարում է քաղաքական բանտարկյալ: Ստացվում է, որ այդ տերմինի դեմ օր ու գիշեր կռիվ տվող իշխանությունն ինքն է ընդունել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը և ալևս չի կարող դա հերքել միջազգային ամբիոններում:

 Միջազգային ամբիոններում ժողովրդավար ներկայանալու և ներքին քաղաքական լարվածությունը մեղմացնելու նպատակով էր, որ 2011-ի կեսերին Հայաստանում այլևս չկային քաղբանտարկյալներ: Նրանք ազատ արձակվեցին միմիայն ընդդիմության կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքների ճնշման արդյունքում:

ՀՀ-ում հիմա ավելի քիչ քաղբանտարկյալ կան քան երեք-չորս տարի առաջ էր, սակայն անկախ քանակից՝ դրանց առկայությունն ինքնին վկայում է, որ գործող ավտորիտար համակարգն ամենևին չի հրաժարվել իր բռնության գործիքից՝ որպես իշխանություն պահելու միջոց:

Ընդհանրապես, թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրներում քաղաքական հալածանքներն «աշխուժանում» են  ժողովրդական զանգվածների քաղաքական ակտիվացման պայմաններում: Սա, մեծ մասամբ, տեղի է ունենում նախընտրական և ետընտրական շրջաններում կամ զանգվածային բողոքի միջոցառումներից` հանրահավաքներից, երթերից, ցույցերից առաջ: Այս պայմաններում ակտիվիստների, քաղաքական գործիչների ազատազրկումը կամ հասարակ քաղաքացիներին հալածանքների ենթարկելն ինչ-որ պահի դառնում են անհրաժեշտություն՝ ժողովրդական հուզումները զսպելու և իշխանության ղեկին մնալու համար:

Քաղաքական հալածանքների շարքին է հարկավոր դասել ազատազրկումը, ոստիկանական բռնություններն ակտիվիստների հանդեպ, սպառնալիքները բողոքի միջոցառումների մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, ճանապարհների փակումը հանրահավաքների օրերին, տնտեսական հալածանքները` հարկային ճնշումները, մասնավոր սեփականության առգրավումը, սնանկացումը և այլն:

Քաղհալածյալների բազմազանությանը մենք ականտես եղանք 2008 թ. Մարտի 1-ի սպանդից հետո, երբ տասը մարդ սպանվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հարյուրավորները հայտնվեցին բանտերում, ակտիվիստները և նրանց ընտանիքները դարձան իրավապահների թիվ մեկ թիրախը, ակտիվ երիտասարդները հեռացվեցին ուսմումնական հաստատություններից, հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից, շատերը ունեզրկվեցին, մյուսներն ստիպված լքեցին իրենց տները և այլն:

Ռեժիմի՝ քաղաքական բանտարկյալներ ունենալու նպատակը շատ պարզ է. ջարդել քաղբանտարկյալների պայքարի ոգին, անվերադարձ նրանց դուրս բերել հավասարակշռությունից և ընդհանրապես՝ քաղաքական պայքարից, նախազգուշացնել մյուսներին ընդվզման դեպքում իրենց սպասվող հալածանքների մասին: Այս նպատակներն իրագործելու համար իրավապահները չեն խուսափում նաև ամենաստոր մեթոդներից: Նրանք կարող են օգնել ակտիվիստներին դառնալ թմրամոլ, կամ դրդել այնպիսի անբարոյական արարքների, որոնց արդյունքում կարող են քայքայվել նրանց ընտանիքները:

Սա ոչ օրինական ճանապարհով իշխանության եկած ռեժիմի նորմալ գործելաոճ է, երբ իշխանության պահպանման միակ երաշխիքը բռնությունն է: Սակայն իշխանության պահպանման այս մեթոդն ունի բացասական կողմ. այն, ճիշտ է, ժամանակավորապես ճնշում և նվազեցնում է պայքարի ուժգնությունը պետական ապարատը վերահսկողների դեմ, սակայն որոշ ժամանակ անց կարող է դառնալ էլ ավելի հզոր ժողովրդական շարժման պատճառ:

Սկզբնական շրջանում ազատության մեջ մնացած ակտիվիստների ամբողջ ուշադրությունը շեղվում է իրենց ընկերներին, համախոհներին բանտերից դուրս բերելու գործի վրա: Բայց հենց այս պայքարի ընթացքում էլ ավելանում են հակաիշխանական տրամադրությունները և անարդարության զգացումը: Սրան էլ արդեն գումարվում են կոփված, բանտերի ու տարբեր զրկանքների միջով անցած և ավելորդ վախերից ձերբազատված, անժամկետ պայքարի պատրաստ քաղաքացիները:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում և կատարվում է այժմ, սրա վառ ապացույցն է: Մարտյան իրադարձություններից հետո շարժումն ամբողջ թափով լծվեց քաղաքական բանտարկյալների ազատ արձակման գործին: Դա երկարատև, բարդ գործընթաց էր, որը, սակայն գործադրված ջանքերի, ինչպես նաև անազատության մեջ գտնվողների կամքի և չկոտրվելու շնորհիվ, վերջիվերջո, պսակվեց հաջողությամբ: 2008-ից չորս տարի անց Հայաստանում այլևս չկային քաղբանտարկյալներ, սակայն կար զրկանքների միջով անցած, կոփված և էլ ավելի վճռական դարձած քաղաքացի, իշխանություններին հակակշիռ հանդիսացող շարժում, որը ստիպեց ռեժիմին գնալ զգալի զիջումների և լուրջ կասկածի տակ դրեց նրա իշխանությունը: Եթե ռեժիմը հրաժարվեր իր մշտական գործելաոճից` բռնությունից, ապա վերջնականապես կկորցներ իր իշխանությունը: Արդյունքում՝ նա դա չարեց, և նկարագրված իրադարձություններից ընդամենը երկու ամիս անց Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ ունեցող երկրների շարքին:

Նախագահական ընտրություններից ընդամենը վեց ամիս առաջ ազատազրկման դատապարտվեցին ևս երեք երիտասարդներ, որոնք ակտիվորեն մասնակցում էին ինչպես ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջոցառումներին, այնպես էլ տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների ու բողոքների: Թեև արդեն բոլորն  էլ գիտեն, որ այդ ակտիվիստներին ալևս հնարավոր չէ կոտրել կամ վախեցնել, այնուամենայնիվ, փորձ է արվում նախազգուշացնել թե՛ նրանց քաղաքական դաշտի թիմակիցներին, թե՛ քաղաքացիական դաշտի նրանց համախոհներին ու ընկերներին՝ ընդվզման, անհնազանդության հետևանքների մասին:

Իրականում նույն գործելակերպի կրկնությունը կարող է ոչ արդյունավետ լինել: Քաղաքացին անդառնալի փոփոխությունների է ենթարկվել այս հինգ տարիների ընթացքում: Նա ձեռք է բերել պայքարի, սեփական իրավունքներին տեր կանգնելու հարուստ փորձ: Ամենակարևորը՝ աճել է նրա դիմադրողականությունը, փոխվել է մարդկանց աշխարհընկալումը, որի մեջ միանշանակորեն չի տեղավորվում պետական կառավարման ներկայիս համակարգը: Եվ դրա հարմարեցումը քաղաքացու պահանջներին այլևս Հայաստանում ընդամենը ժամանակի հարց է:  Մեր հասարակությունն այս անգամ բոլոր նախադրյալներն ունի, առանց հալածանքների ուժգնությունը և քաղբանտարկյալների քանակը հաշվի առնելու,  հասնելու ռեժիմի վերջնական տապալմանը:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակացույցը’
Հաջորդ հոդվածը‘Իլհամ Ալիև. Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր’