‘Ովքեր են Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդները’

1092

Ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի «Տարվա մարդ» կոչման հավակնորդների ցուցակում այս տարի հայտնվել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը, ամերիկյան հատուկ ծառայություններին դիմակազերծող Էդուարդ Սնոուդենը, ինչպես նաև՝ Բոստոնի մարաթոնում ահաբեկչական գործողության կազմակերպիչներ համարվող Ցարնաև եղբայրները: Ընդհանուր առմամբ՝ հայտացուցակում ընդգրկված են 42 հավակնորդներ: «Տարվա մարդ» կոչման համար պայքարում են հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, երաժիշտներ, մարզիկներ, հեռուստահաղորդավարներ և իրավապաշտպաններ: Բացի Օբամայից և Պուտինից՝ քաղաքական գործիչներից ցուցակում են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 42 հավակնորդներից յուրաքանչյուրի համար կարելի է քվեարկել Time-ի կայքում: Սակայն ազդեցիկ ամսագրի ընտրությունն, այնուամենայնիվ, հիմնվում է ոչ թե ընթերցողների, այլ փորձագետների և խմբագիրների կարծիքի վրա: Առայժմ ցուցակում առաջատարը ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսն է, երկրորդ տեղում Սնոուդենն է, երրորդում՝ Ասադը, չորրորդում՝ Պուտինը: Այս տարի «Տարվա մարդը» հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին, երբ վաճառքի հանվի ամսագրի այս տարվա վերջին համարը:

«Տարվա մարդ» կոչումին արժանացել են՝ Facebook ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը,  Բարաք Օբաման՝ 2008 և 2012 թթ., Վլադիմիր Պուտինը՝ 2007-ին, Իոսիֆ Ստալինը՝ 1939 և 1942 թթ.: 2011 թ. «Տարվա մարդ» է ճանաչվել ցուցարարի հավաքական կերպարը, 2006-ին՝ Ինտերնետի բոլոր օգտատերերը, 2003-ին՝ ԱՄՆ զինծառայողի հավաքական կերպարը, 1975-ին՝ ամերկացի կանայք, 1966 թ.՝ մինչև 25 տարեկան երիտասարդները:

Time-ի վարկածով առաջին «Տարվա մարդը» հռչակվել է 1927 թվականին. այդ կոչմանն արժանացել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, որն առաջին անգամ միայնակ  սավառնել-անցել է Ատլանտյան օվկիանոսի վրայով, փոխանցում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ‘
Հաջորդ հոդվածը‘Հազարավոր ցուցարարներ Բանգկոկում մասնակցում են նախարարությունների «խաղաղ գրոհին»’