‘Ով ինչպես կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին ‘

1255

Մարտի 11-ից մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կարող են ԿԸՀ ներկայացնել իրենց ցուցակները:
Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները կարող են ԿԸՀ ներկայացնել մինչև մարտի 21-ը՝ ժամը 18:00-ը:

Մայրաքաղաքային ընտրություններին մասնակցելու մասին ամենավաղը հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի Երևանի ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ցուցակում երկրորդը կլինի միջազգային գրոստմայստեր Սմբատ Լպուտյանը, իսկ երրորդը՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունն էլ է որոշել հանդես գալ առանձին ցուցակով, որը կգլխավորի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հայտնի են նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք անունները՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան, Կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյան, իսկ երրորդ տեղում կլինի կա՛մ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, կա՛մ ՀՅԴ–ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

ԲՀԿ-ն նունպես հանդես է գալու առանձին ցուցակով. այն կգլխավորի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օրերս «Ժառանգություն» կուսակցությունն էլ է հայտնել պատրաստակամություն առանձին ցուցակով ընտրություններին մասնակցելու համար. նախնական տվյալներով՝ ցուցակը գլխավորելու է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը կլինի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, իսկ ցուցակը կամբողջանա քննարկումներից հետո ու կհրապարակվի առաջիկայում:

Հայ ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ մարտի 14-ին ասել էր, թե չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ու «Ժառանգության» միջև բանակցություններն անհաջողության մատնվեցին, ուստի Կոնգրեսում որոշում է կայացվել Երևանի ավագանու ընտրություններին առանձին մասնակցել: Այսօր Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրական ցուցակը դեռ քննարկվում է և շուտով կհրապարակվի:
Այլ քաղաքական ուժեր ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություններ չեն արել:

Նախորդ հոդվածը‘Չաբի Ալոնսոն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը կրկին զգուշացնում է Երեւանին՝ կամ Մաքսային միություն կամ ԵՄ’