‘Ով կլինի Պուտինի ամենաբարձրաստիճան հյուրը Սոչիում’

1102

Ով կլինի Վլադիմիր Պուտինի ամենաբարձրաստիճան հյուրը Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը, դժվար է ասել: Բայց որ դա Բարաք Օբաման չէ, արդեն հաստատ է, գրում է Deutrsche Welle-ն:

Օբաման իր բացակայությունը պատճառաբանել է ժամանակի սղությամբ: Սոչի չեն մեկնի նաեւ Գերմանիայի առաջին դեմքերը: Ըստ մամուլի, ԳԴՀ նախագահ Յոախիմ Գաուկը դեռ դեկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստան չի մեկնի այդ երկրում մարդու իրավունքների խախտումների պատճառով: Կարճ ժամանակ անց, սակայն, նախագահի մամուլի ծառայությունը հերքեց չմեկնելու պատճառի մասին լուրը:

Սոչի չի մեկնի նաեւ Գերմանիայի իշխանության իրական ղեկավար Անգելա Մերկելը: Կանցլերի գրասենյակը չմեկնումը բացատրել է նրանով, որ տիկին Մերկելն իր պաշտոնավարման ընթացքում երբեւէ որեւէ օլիմպիադայի բացմանը չի մասնակցել: Հնարավոր է, որ Գերմանիան Սոչիում ներկայացնող ամենաբարձրաստիճան պաշտոնյան ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լինի: Նախկին արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, ով, ի դեպ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե դեռ պաշտոնավարելիս լիներ, չէր հրաժարվի Ռուսաստան մեկնելուց:

Եվրոպական առաջնորդներից Սոչի չեն մեկնի նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Բելգիայի ղեկավարները: Հատկանշական է, որ բոյկոտի մասին նրանցից ոչ մեկը չի հայտարարել` մեկնումից հրաժարվելը բացատրելով ծանրաբեռնվածությամբ:

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն միակ եվրոպական առաջնորդն է, որը հայտարարել է, որ չի մեկնում Ռուսաստան` մարդու իրավունքների խախտումների եւ ռուս-լիտվական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Նրա հարեւանը` Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը նույնպես չի գնա Սոչի` աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Միեւնույն ժամանակ, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու օլիմպիադայի բացման արարողությանը:

Նրա հետ միասին փետրվարին Ռուսաստան կգնան նաեւ Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի վարչապետերը, Ավստրիայի կանցլերը եւ Շվեյցարական Համադաշնության նախագահը:

Շվեդիան կներկայացնի մշակույթի եւ սպորտի նախարար Լենա Ադելսոն Լիլյերուտը, որը, սակայն բացման հանդիսավոր արարողությանը չի մասնակցի ի նշան բողոքի: Նա հայտարարել է, որ «Պուտինի շոուին» մասնակցելու ցանկություն չունի:  

Դեռեւս հայտնի չէ` արդյոք Սոչի կմեկնեն Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վանՌոմոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, շարունակում է Deutsche Welle-ն: Առայժմ հայտնի է,որ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Վիվիան Ռեդինգը Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով չի մեկնի Սոչի:  

Փոխարենը, հաստատ այստեղ կգան Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան եւ նրա հոլանդացի գործընկեր Մարկ Ռյուտտեն: Նիդերլանդներից ակնկալվում է նաեւ թագավորական ընտանիքի ժամանումը` թագավոր Վիլլեմ-Ալեքսանդերի եւ նրա տիկնոջ գլխավորությամբ: Այս որոշումը հարուցել է նիդերլանդական իրավապաշտպանների եւ ԼԳԲՏ հանրության սուր քննադատությունը:

Հավանաբար, Պուտինի համար ամենաքիչն այս հարցում խնդիրներ կստեղծեն ԱՊՀ երկների ղեկավարները, նշում է գերմանական պարբերականը:  Օլիմպիադայի բացմանը հաստատ կմասնակցեն Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս երկրի ոչ վարչապետը, ոչ նախագահը Սոչի չեն մեկնի:  

 

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Էլբակյանը դեմ չէ դառնալ Թատերականի ռեկտոր. Ա1+’
Հաջորդ հոդվածը‘Մուրկա կատուն փրկել է տիրոջը հրդեհի ժամանակ ‘