‘Որդուն 3500 դոլարով վաճառած կինը կրկին ազատության մեջ է’

1020

43-ամյա  Ռիմմա Կնիշին, ով 3500 դոլարով  վաճառել էր 3-ամյա որդուն, պայմանականորեն ազատ է արձակվել: Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել է, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Մինչեւ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Ռիմմա Կնիշը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Իսկ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է եւ համաձայն է մեղադրանքի հետ: Քննելով գործը՝ դատարանը վճռել է  Ռիմմա  Կնիշին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Սակայն կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիի մարզում 43-ամյա Ռիմա Կ.-ն 2011թ. մարտի 13-ին 3500 ԱՄՆ դոլարով փորձել է վաճառել որդուն: Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Ռիմա Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Արթուր Կ.-ի խնամքին հանձնելու նպատակով 3500 ԱՄՆ դոլարով վաճառել է իր 3-ամյա որդուն` Նիկոլայ Կ.-ին: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 168 հոդվածի 1-ին մասով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը): Գործը վարույթ էր ընդունվել հունիսի 3-ին:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է ամպրոպ ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում զոհվել են «Մուսուլման եղբայրների» 36 կալանավորներ’