‘Որովայնի շրջանում 29 ասեղ մտցրած դատապարտյալը չի համաձայնվել հանել վերջին 3 ասեղները’

813

Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակից Հաբեթ Մարտիրոսյանն երեկ այցելել էր «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Համլետ Ղազարյանին:

Ըստ մամուլում տարածված տեղեկատվության, դատապարտյալը, ի նշան «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի դեմ բողոքի, 29 ասեղ էր մտցրել որովայնի շրջանում և դեկտեմբերի 21-ից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: 

Համլետ Ղազարյանը արագ արձագանքման բաժնի աշխատակցի հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը իրեն պարբերաբար խոշտանգել է, ծեծի է ենթարկել և քանիցս դրդել է ինքնասպանության, քանի որ Ղազարյանն ու նրա կինը նրա դեմ բողոքներ են գրել տարբեր վերադաս մարմիններին: Նա նաև հայտնել է, որ որ իրեն ստիպել են կեղծ ցուցմունքներ տալ տարիներ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպանություն գործած դատապարտյալի դեմ: 

Իր բողոքի կապակցությամբ դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:

Երեկ այցելության պահին դատապարտյալի որովայնի շրջանում դեռևս 3 ասեղ առկա էր: Ըստ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղեկանքի, դատապարտյալը դեռ չի համաձայնվում հանել վերջին 3 ասեղները` նշելով որ հոգեպես լարված է և պատրաստ չէ վիրահատության:

Դատապարտյալ Համլետ Ղազարյանի դիմումը գտնվում է Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Դատապարտյալի խնդրի կապակցությամբ համապատասխան գրություններ կպատրաստվեն և կուղարկվեն իրավասու մարմիններին:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է Գյոտցեի համար 40 միլիոն եվրո վճարել’
Հաջորդ հոդվածը‘Ընտրակաշառք ստանալու մասին ահազանգող քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից’