‘Որոտանն ու Հովիկ Աբրահամյանը’

1296

Որոտանի մութ գործարքը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ կոռուպցիոն գործարքներից մեկը: Երկար տարիներ կիսաշրջափակման մեջ գտնվող Հայաստանի Էներգետիկ համակարգի ռազմավարական օբյեկտներից մեկի վաճառքը երկրի անվտանգությանը հասցնում է ծանր հարված:

Գործարքը կատարվել է ՀՀ օրենքների կոպիտ խախտումներով, ինչը արձանագրել են ոչ իշխանական քաղաքական ուժերը, և որին տեղյակ է հասարակությունը: Մեկ բան հստակ է. Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջում ցանկանում է ձեռք գցել երկրի կարևորագույն օբյեկտներից մեկին: ԱՄՆ դեսպանի դրվատանքի խոսքն այդ գործարքին` ընդամենը կոռուպցիոն սխեմայի մի փոքր դրվագն է:

Ճակատագրի քմահաճույքով գործարքի վերջին փուլը պետք է ավարտի նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր ստորագրությամբ: Պարզ է, որ նա այս գործարքի հետ կապ չունի: Դա արել են Ս. Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը: Բայց դեպքերն այնպիսի ընթացք ստացան, որ Հովիկ Աբրահամյանի ստորագրությունը կարող է դառնալ հիմնական իրեղեն ապացույցը հետագա դատավարությունների և բացահայտումների ժամանակ: Ընտրությունը Հովիկ Աբրահամյանինն է:

Նա կարող է հեռու մնալ այդ գործարքից և հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին` հրամանագրով կամ համապատասխան կարգադրություններով ավարտին հասցնի այդ կոռուպցիոն գործարքը:

Այս հարցն ունի նաև մեկ շատ պարզ և նույնքան ցավալի կողմ: Երբ Որոտանի վաճառքի գործարքն ամբողջությամբ կայանա, էլեկտրաէներգիան Հայաստանում զգալի թանկանալու է: Մասնագետները նշում են 4 դրամ և ավելի: Նորանշանակ վարչապետի համար սա կլինի ծանր հարված: Նրա հանրային լեգիտիմությունն ու հեղինակությունն էապես կնվազի, իսկ սա առաջին հերթին անհրաժեշտ է հենց Ս. Սարգսյանին: Վերջինս փրփուրներից կախված տարբեր սցենարներ է մշակում իշխանության մնալու նպատակով, իսկ Հովիկ Աբրահամյանն այդ սխեմաներում ակնհայտորեն չկա: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է Լեհաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում ձերբակալվել են Սիրիայում «ջիհադի» համար գրոհայիններ հավաքագրողների’