‘Որևէ սցենար բացառել չի կարելի. Վահան Բաբայան’

1438

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ իշխանական եռյակի կազմում կաշկանդված չէ իր գործողություններում և անհրաժեշտության դեպքում կարող է կառավարության հրաժարականը պահանջել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Նշենք, որ ոչ եռյակն աջակցել է կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների դեմ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքին: «Շրջանառության հարկի մասին» օրենքը հարուցել է ՓՄԲ ներկայացուցիչների վրդովմունքը, ովքեր մի քանի օր շարունակ բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի և կառավարության շենքի մոտ:

Ոչ իշխանական քաղաքական ուժերը գտնում են, որ օրենսդրական փոփոխությունները վերջնականապես կկործանեն փոքր և միջին բիզնեսը, և որ  կառավարությունը պարզապես պարտավոր է հրաժարվել այդ նախաձեռնությունից:

«Ես, իհարկե, լիազորված չեմ ասելու, թե կարող է արդյոք եռյակը որոշակի պահի պահանջել նախարարների կաբինետի հրաժարականը, բայց ամեն դեպքում մենք կաշկանդված չենք որևէ պաշտոնատար անձով, պաշտոնյայով: Եթե մենք զբաղվում ենք քաղաքականությամբ, որևէ սցենար բացառել չի կարելի»,- ասել է Բաբայանը:

Նախորդ հոդվածը‘Հունվարի 25-ից 31-ը հակառակորդն ունեցել է առնվազն 3 զոհ և խոցել է իրեն պատկանող անօդաչուն. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’