‘Որ մի քիչ էլ հուպ տան, շուտով Հայաստանում ավելի շատ ընտրող կլինի, քան բնակչություն’

3467

Հայաստանում ընտրողների թիվը չի դադարում աճել ընտրությունից ընտրություն: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրապարակել է 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների նախնական ցուցակը (հունվարի 6-ի դրությամբ), որտեղ ներառված է 2 միլիոն 500 հազար 887 ընտրող: 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններից առաջ հրապարակված ընտրողների վերջնական թիվը 2 միլիոն 485 հազար 844 էր: Ստացվում է, որ նախնական տվյալներով ընտրողների թիվը Հայաստանում անցած 8-9 ամիսների ընթացքում աճել է շուրջ 15 հազարով:

Անձնագրային և վիզաների վարչության պետ, գնդապետ Հովհաննես Քոչարյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ մայիսի 6-ի ընտրությունների համեմատ, նոր ռեգիստրում ավելացած է 18 տարին լրացած և ընտրական իրավունք ձեռք բերած 29 հազար 986 անձ, քաղաքացու անձնագիր ստացած և առաջին անգամ հաշվառված մոտ 12 հազար անձ և այլն: Մոտ 60 հազար այսպիսի ընտրողների թվից հանվել է մոտ 35 հազար մահացածների, սեփական դիմումով հաշվառումից հանվածների և այլոց թիվը: Արդյունքում՝ ընտրողների թիվը ավելացել է:

Մաթեմատիկական պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում ընտրությունների օրերին առկա բնակչության թիվը և ընտրողների թիվը 4-5 տարուց կարող են հավասարվել: Հ. Քոչարյանը համաձայն չէ այս հաշվարկի հետ: «Մի մոռացեք, որ հաշվառումից հանվելու դեպքերն էլ շատ են: Էնպես չի, որ հաշվառման մեջ գտնվողների թիվը կարող է աննախադեպ աճ ունենալ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱՎՎ պետը: «Եթե դուք վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա եք էդպես ասում, դա սխալ է: Դուք անհամեմատելի բաներն եք համեմատում: Ասում են՝ ԱԱԾ-ն ասաց, որ այսքան մարդ գտնվում է դրսում: Նման բան չի ասել ոչ մի վարչարար: Որովհետև ոչ ոք չգիտի, թե գնացողներից քանիսն են գալիս»,- պնդել է Քոչարյանը: Նա ասել է, որ արտագաղթի և ընտրական ռեգիստրի մեջ մեկ տոկոսի կապ չկա: Նաև ՀՀ-ից ոչ մի դուրս եկող անձնագրային ծառայությունների չի դիմում հաշվառումից դուրս գալու համար: «Չենք կարող մենք ընտրողների թիվը նվազեցնել, որովհետև ինչ-որ անձ Հայաստանից դուրս է եկել: Մենք որտեղի՞ց պետք է դա իմանանք»,- ասել է Հովհ. Քոչարյանը:

Նկատենք, որ Հայաստանի սահմանը հատած յուրաքանչյուր անձի տվյալները արձանագրում են սահմանապահները: Այսինքն, թե Հայաստանից գնացած և թե Հայաստան վերադարձած անձանց տվյալների բազան առկա է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն էլ առնվազն վերջին երեք տարիներին հրապարակում է մեկնածների և ժամանածների թվի տարբերությունը: Ըստ այդմ, միայն վերջին երեք տարիներին Հայաստանից անվերադարձ հեռացել է շուրջ 160 հազար ՀՀ քաղաքացի: Տեխնիկական իմաստով ոչ մի դժվարություն չկա հեռացածների տվյալները համադրել ընտրողների ռեգիստրում ընդգրկված անձանց տվյալների հետ՝ «մաքրելով» ընտրողների ցուցակը: Դա կարող է անել ցանկացած սկսնակ ծրագրավորող պատանի մի 20 րոպեի ընթացքում: Նույն պատանին կարող է, նույնիսկ, քվեարկության օրը Հայաստան վերադարձած անձին շատ արագ վերականգնել ընտրողների ցուցակում: Այս ամենը, սակայն, սկզբունքորեն չի արվում: Չի արվում, որովհետև ընտրողների, մեղմ ասած, ուռճացված ցուցակ ունենալը ընտրակեղծարարության հիմնական գործիքն է:

Գծապատկերում ներկայացված է ընտրողների թվի փոփոխությունը 23 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված քվեարկությունների ժամանակ, որից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի դինամիկա է ունեցել ընտրակեղծարարությունը: Իսկ պրն Քոչարյանին տեղեկացնենք, որ 2001 թվականին Հայաստանում առկա բնակչությունը, ըստ մարդահամարի տվյալների, եղել է մոտ 3 միլիոն մարդ, իսկ ընտրողների թիվը՝ 2.2 միլիոն: 2011 թվականի մարդահամարի տվյալներով ՀՀ-ում առկա բնակչության թիվը արդեն 2 միլիոն 870 հազար էր, իսկ ընտրողների թիվը հասել է 2.5 միլիոնի: Որ մի քիչ էլ հուպ տան, շուտով Հայաստանում ավելի շատ ընտրող կլինի, քան բնակչություն:

\"\"

«Հայկական Ժամանակ»

10.01.2013

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը ճանաչվեց 2012թ. ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Վնուկովո» օդանավակայանում ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել’