‘Որ Քոչարյանը իլյուզիաներ չփայփայի’

1238

Դժվար է ասել, թե դեռ որքան կտեւի «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունից 3 միլոն դոլար կաշառք պահանջած բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի եւ հիշյալ ընկերության պատմությունը։ Մի քիչ դժվար է ամերիկացիների փողերն ուտելը։ Այս պատմության մեջ շատ բան է մեկնաբանվել, սակայն, կարծես թե, ամենակարեւոր հանգամանքը մնացել է աննկատ։
Ինչո՞ւ է այս գործը ձգձգվել ամբողջ 7 տարի։ Հազիվ թե այդքան դանդաղաշարժ է ամերիկյան դատական համակարգը։ Եւ այդքան «ձգձգելուց» հետո այսպես ակտիվացել են հենց հիմա։ Նման դեպքերում իրական պատճառները սովորաբար թաքնված են լինում քաղաքական ոլորտում։
Ամենախելքիմոտ բացատրությունը հետեւյալն է։
Ամերիկյան ընկերությունից այդ չափի կաշառք պահանջելու, դրա բացահայտման, ապա ընկերությանը «չորով» լիցենզիայից զրկելը, բոլորն էին հասկանում, մի նախարարի «թափի» գործ չէր։ Եւ այն ժամանակ էլ համարվում էր, որ դրա ետեւում կանգնած է Ռ. Քոչարյանը։ Անգամ այս վերջին դրվագում Վ. Այվազյանի պատասխաններից մեկը՝ «Լավ եմ արել…», ակնհայտորեն իր վրայով չէ. նրան թելադրվել է հենց այդպես արձագանքել։
Ինչպես հայտնի էր, իսկ «Վիկիլիքսի» հրապարակած բազմաթիվ փաստաթղեր հիմնավորապես հաստատեցին, ԱՄՆ-ը, մեղմ ասած, խիստ բացասական վերաբերմունք ուներ (եւ ունի) Ռ. Քոչարյանի նկատմամբ։ Սույն գործը, թվում է, այլ բան չէ, քան այն բազմաթիվ կոմպրոմատներից (գուցեեւ ամենամեղմերից) մեկը, որ ԱՄՆ-ը ունի հիշյալ անձի վրա։ Նախընտրական այս շրջանում ոմանք, ու մանավանդ ծպտյալ իշխանական քարոզչամեքենան հաճախ է շոշափում Ռ. Քոչարյանի անունը՝ ընդհուպ մինչեւ նախագահի թեկնածուի։ Սրանով, առայժմ շատ կողմնակիորեն, ԱՄՆ-ը զգուշացնում է մի կողմից՝ իշխանությանը, որ «խաղեր չտա» վերջինիս հետ, մյուս կողմից հենց՝ Քոչարյանին, որ իլյուզիաներ չփայփայի ու մտքով չանցնի քայլեր անել։

Այվազ Վարդանյան

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. Ինձ կարող է փոխարինել Գվարդիոլան’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Դատախազի միջնորդագիրը քաղաքական պատվեր է ‘