‘Ուեսլի Սնեյդեր. Կարիերայի «ավարտ»՝ 28 տարեկանու՞մ’

887

Կիրակի ուշ երեկոյան Միլանի «Ինտեր»-ը, վերջ ի վերջո, ընդունեց Ստամբուլի «Գալաթասարայ»-ի 7,5 մլն առաջարկը Ուեսլի Սնեյդերի վերաբերյալ: Այսպիսով՝ ընդամենը 2 մրցաշրջան առաջ աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը ընդամենը 28 տարեկան հասականում որոշեց «ավարտել» իր ֆուտբոլիստի կարիերան: Հոլանդացին Ստամբուլում հայտարարեց, որ նախընտրեց «Գալաթասարայ»-ը անգլիական «Լիվերպուլ»-ից և ՔՊՌ-ից, քանի որ ցանկանում է պայքարել տիտղոսների համար:

Վերհիշենք հոլանդացու կարիերան և փորձենք հիմնավորել, թե ինչու է Սնեյդերի համար 28 տարեկանում «Գալաթասարայ»-ում հայտնվելը համարվում կարիերայի ավարտ:

Կարիերայի սկիզբ «Այաքս»-ում, և տեղափոխությունը Մադրիդ

Ռոնալդ Կումանին XX դարի սկզբին բաժին հասավ երիտասարդ  տաղանդների ուժեղ հավաքածու: Նրանցից ոմանց իրենց ներուժով սկսել էին համեմատել 90-ականների Վան Գաալի թիմի հետ, որը 95-ին կարողացավ նվաճել ՉԼ-ի գավաթը՝ դեռևս 18-ամյա Պատրիկ Կլույվերտի գոլերի շնորհիվ:

Կումանի թիմում խաղում էին Ստեկելենբուրգը, Կիվուն, Մաքսվելը, Հեյտինգան, Պիենաարը, Վան Դեր Վարտը, Վան Դեռ Մեյդեն և Զլատան Իբրահիմովիչը: Այդ թիմը 2002-ին նվաճեց իր պատմության ընթացքում Հոլանդիայի 28-րդ չեմպիոնի տիտղոսը և հաջորդ մրցաշրջանում պետք է փորձեր նման կազմով հաջողության հասնել նաև ՉԼ-ում: Այդ տարիներին դեռ հոլանդական ներքին առաջնությունը, ֆրանսիական լիգայի հետ համատեղ, համարվում էր ամբողջ Եվրոպայի համար երևի թե ամենից շատ տաղանդներ մատակարարող առաջնությունը: Բայց 2002-ի ամռանը Կումանին, ով համարվում էր շատ ավելի ուժեղ մասնագետ, քան հետագայում ավելի մեծ հաջողությունների հասած Ֆրենկ Ռայկարդը, հաջողվեց պահպանել թիմի կազմը: Բացի դրանից՝ «Այաքս»-ի երիտասարդ կազմից առաջին թիմ տեղափոխվեցին Նայջել Դե Յոնգն ու Ուեսլի Սնեյդերը և ազատ գործակալի իրավունքով չծերացած Յարի Լիտմանենը:

Թիմը 2002-2003 մրցաշրջանը փայլուն անցկացրեց և շատ մոտ էր հաղթելու երկրի առաջնությունում ու դուրս գալու ՉԼ-ի կիսաեզրափակիչ: Բայց ինչպես հաճախ է պատահում նման երիտասարդ կազմով թիմերի հետ, նրանք չկարողացան հաջող անցկացնել մրցաշրջանի եզրափակիչ մասը: Առաջնությունում վերջին տուրերում զիջեցին ՊՍՎ-ին, իսկ ՉԼ-ի 1/4-րդ-ից դուրս մնացին՝ «Միլան»-ից գոլ ընդունելով հանդիպման վերջին րոպեին:

Այդ մրցաշրջանից հետո թիմը հերթով սկսեցին լքել նրա առաջատարները: Նախ՝ Վան Դեր Մեյդեն, հետո՝ Վան Դեր Վաարտն ու նաև թիմի գլխավոր աստղ Զլատան Իբրահիմովիչը: Սնեյդերը շարունակում էր մնալ Ամստերդամում, ոչ այն պատճառով, որ առաջարկություններ չուներ ,այլ որ նվիրված էր իր հարազատ թիմին և չէր ցանկանում իր հեռանալով վերջնականապես կործանել Կումանի ստեղծած թիմը, որն արդեն ղեկավարում էր Դանի Բլինդը: Մի պահ, երբ դեռ Սնեյդերն ընդամենը 24 տարեկան էր, արդեն տպավորություն էր ստեղծվում, որ նա կարող է մնալ Ամստերդամում՝ մինչև կարիերայի ավարտը:

Իրավիճակը փոխվեց, երբ Ուեսլին առաջարկ ստացավ Մադրիդից: «Սանտյագո Բերնաբեու»-ին անհրաժեշտ էր Զիդանին փոխարինող: Ֆրանսիացու՝ կարիերան ավարտելուց հետո, «Ռեալ»-ը մի կերպ «Տամուդազո»-ի շնորհիվ կարողացել էր նվաճել «Լա լիգա»-ն, բայց պարզ էր, որ կենտրոնում ոչ Գուտին, ոչ էլ Բապտիստան ստաբիլ չեն և չեն կարողանում լիարժեք փոխարինել Զիդանին:

Սնեյդերը մեծ հաջողությամբ մեկնարկեց Շուստերի մոտ, և սկզբում նրան համեմատում էին նույնիսկ Դի Ստեֆանոյի հետ: Առաջին մրցաշրջանում Շուստերի թիմը, նաև՝  Սնեյդերի շնորհիվ, առանց լուրջ լարվելու, հանգիստ նվաճեց «Պրիմերա»-ի չեմպիոնի տիտղոսը:

Ուեսլիի՝ Մադրիդում անցկացրած 2-րդ մրցաշրջանում ձևավորվեց հոլանդական կլան, ինչը, ինչպես հայտնի է Վան Գալի ստեղծած «ԲարսԱյաքս»-ից, լավ բանի չի բերում: «Ռեալ Մադրիդ»-ը ոչ մի կերպ չկարողացավ մրցակցել Պեպ Գվարդիոլայի Բարսայի հետ, իսկ մրցաշրջանի ավարտին սեփական հարկի տակ պատմական ապտակ ստացավ կատալոնցիներից՝ պարտվելով 2-6 հաշվով: Ամբողջ իսպանական մամուլը գլխավոր մեղքը բարդեց հոլանդացիների վրա, և Ֆլորենտինո Պերեսի երկրորդ գալստով, ով նոր աստղեր էր ձեռք բերելու, նրանց մեծ մասը` Վան Նիստելրոյը, Սնեյդերը, Ռոբենն ու Հունտելաարը, լքեցին Մադրիդը:

Մոուի «Ինտեր»-ում

2009-ի տրանսֆերային պատուհանը փակվելուց ընդամենը 4 օր առաջ Սնեյդերը որոշեց տեղափոխվել Ժոզե Մոուրինյոյի «Ինտեր»: Մոուրինյոյի անսահման վստահությունը Ուեսլիի նկատմամբ զգացվեց ընդամենը 2 օր անց, երբ թիմի հետ հազիվ մեկ մարզում անցկացրած հոլանդացուն «Միլան»-ի հետ «դերբի»-ում դուրս բերեց մեկնարկային կազմ: Մոուի թիմը հաղթեց 4-0 հաշվով, իսկ Սնեյդերն անցկացրեց իր կարիերայի լավագույն խաղերից մեկը:

Մոուրինյոն ամբողջ «Ինտեր»-ից այդ մրցաշրջանում «քամեց» առավելագույնը: Ժուլիո Սեզարը կարծես բոլոր ժամանակների լավագույն դարպասապահներից լիներ, Կիվուն ու Սամուելը նման էին անանցանելի պատի: Զանետտին նման էր 25 տարեկան երիտասարդի, իսկ Մայկոնը՝ չտեսնված լատերալի: Առջևում Միլիտոն խփում էր, իսկ Էտո’օն, հարկ եղած դեպքում, ինչպես, օրինակ, ՉԼ-ի կիսաեզրափակչում, զոհաբերում էր իրեն՝ խաղալով պաշտպանի դիրքում: Բայց միևնույն է, ամբողջ թիմում հատկապես առանձնանում էր Ուեսլի Սնեյդերը: Հոլանդացին թե՛ հոգեբանորեն, թե՛ խաղային առումով վերածվել էր իսկական առաջատարի, և եթե այդ «Ինտեր»-ից մեկին ընտրենք, պետք է ասել, որ հենց նա թիմին հասցրեց ՉԼ-ի, «Սկուդետտո»-ի և Իտալիայի գավաթի չեմպիոնության:

Մրցաշրջանի ավարտին գերմարդու վերածված Սնեյդերն իր խփած 5 գոլերով ամռանը շատ մոտ էր իր պատմության ընթացքում վատագույն ֆուտբոլը ցուցադրող հոլանդացիներին դարձնելու Աշխարհի չեմպիոն: Տարվա ավարտին Սնեյդերը համարվում էր «Ոսկե գնդակ»-ի հաղթողի գլխավոր հավակնորդը, բայց նրա բախտը չբերեց այնքանով, որ «Ֆրանս ֆուտբոլ»-ն ու ՖԻՖԱ-ն միավորեցին իրենց տարվա լավագույն խաղացողի մրցանակները և նրա քվեարկության կանոնակարգը: Բելիզը, Ամերկյան Սամոան և նմանատիպ մի շարք ոչ ֆուտբոլային պետություններ քվեարկեցին Լեո Մեսսիի օգտին, ով և ճանաչվեց տարվա լավագույն խաղացող:

Մոուի «Ինտեր»-ից հետո

Ինչպես և ամբողջ թիմը, Սնեյդերը նույնպե առանց պորտուգալացի մարզչի, հայտնվել էր որբի կարգավիճակում: Վերջին երկու մրցաշրջաններում Սնեյդերին, բացի բազմաթիվ մկանային վնասվածքներից, որոնց պատճառով նա բաց թողեց, ընդհանուր առմամբ, գրեթե մեկ տարի, խանգարեցին նաև Բենիտեսի, Լեոնարդոյի, Գասպերինիի և Ռանյերիի այլ պատկերացումները՝ իր խաղային դիրքի հետ կապված:

Դեռևս մեկ-երկու մրցաշրջան առաջ, «Ինտեր»-ի փայլուն տարուց հետո, Սնեյդերին ցանկանում էին ձեռք բերել «Ռեալ Մադրիդ»-ն ու «Մանչեստեր Յունայթեդ»-ը, բայց հոլանդացին նեղացած էր «Ռեալ»-ի վերաբերմունքից և չցանկացավ վերադառնալ Մադրիդ, ու մերժելով նաև Ֆերգյուսոնին՝ նախընտրեց մնալ «Ինտեր»-ում:

«Գալաթասարայ» տեղափոխությունն իհարկե հետքայլ է 28-ամյա խաղացողի համար: Միգուցե այն «Ոսկե գնդակ»-ը, որին նա իրոք արժանի է, կարող էր փոխել նրա կարիերայի «տրամադրություն»-ը: Բայց այս պահին թվում է, թե նա պետք է ուղղակի լքեր «Ինտեր»-ը, ինչքան էլ որ ցավոտ լիներ: Իտալիայում Մոուն նրան իրոք հնարավորինս «քամել» էր, և «Ինտեր»-ին ավելին տալու բան Սնեյդերն ուղղակի չուներ:

Նման ծաղկուն տարիքում Թուրքիայի առաջնությունում հայտնվելը շատ նման է լեգենդար խաղացողներ Ռոնալդինյոյի և Ռաուլի կարիերայի անկմանը, երբ պարզապես եկավ մի պահ, որից հետո նրանք միայն իրենց շողքն էին հիշեցնում:

Դավիթ Քիրամիջյան

 

Նախորդ հոդվածը‘Արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է կաշառակերության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Արա Պապյան. Խնդիրն այն է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում» ասելով՝ ով ինչ է հասկանում’