‘Ուզբեկական թերթը Իսլամ Քարիմովին փադիշահ է հռչակել’

999

Ուզբեկական «Թուրքիստոն» թերթում նախագահ Իսլամ Քարիմովին փառաբանող մեծ հոդված է հրապարակվել, ընդ որում՝ հանրապետության ղեկավարին անվանել են փադիշահ: «Հազար անգամ շնորհակալ ենք Բարձրյալին, որ նա մեզ այսքան իմաստուն և արդարամիտ փադիշահ է պարգևել: Ամենուրեք պատերազմներ են, աղքատություն է, տնտեսական ճգնաժամ, իսկ մենք շարունակում ենք աշխարհին զարմացնել մեր կառուցողական հաջողություններով: Մի՞թե 22 տարիների ընթացքում մեր անկախ պետության բոլոր հաստատուն քայլերն իմաստուն քաղաքական գործիչ Իսլամ Քարիմովի շնորհիվ չեն եղել»,- հռետորական հարց է հնչեցնում հոդվածագիրը:

«Փադիշահ» միապետական տիտղոսը կրել են, մասնավորապես, Օսմանյան կայսրության  տիրակալները: Նախագահին ուղղված նույնատիպ դիմելաձևեր ընդունված են նաև հարևան Տաջիկստանում, որտեղ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնին դիմելիս օգտագործում են «Ձերդ մեծություն» արտահայտությունը: Տարածաշրջանի մեկ ուրիշ պետությունում՝ Ղազախստանում, նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական կարգավիճակ ունի՝ «Ազգի առաջնորդ»: Իսկ Թուրքմենստանում հանրապետության նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրեթե պաշտոնապես կրում է «Հովանավոր» տիտղոսը, իսկ նրա իշխանության ժամանակաշրջանը հայտարարվել է Հզորության և Երջանկության դարաշրջան, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն հաստատեց թուրք-սիրիական սահմանին 2 սիրիահայ պատանիների առևանգվելու մասին տեղեկությունը’
Հաջորդ հոդվածը‘Վրացի ֆեմինիստուհիները իրազեկում են կուսության դեմ ակցիայի մասին’