‘Ուիլյամ Հեյգը հեռանում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից’

920

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը լքում է պաշտոնը՝ կառավարությունում մնալով որպես Համայնքների պալատի ղեկավար, հաղորդել են բրիտանական իշխանությունները:

Այդ պաշտոնում Հեյգը կմնա մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2015 թ. մայիսին: Դրանց մասնակցելու մտադրություն Հեյգը չունի: 26 տարի շարունակ նա ներկայացնում է Յորքշիր կոմսության Ռիչմոնդ քաղաքը:

«Այսօր՝ չորս տարվա ծառայությունից հետո,  ես հեռանում եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ շարունակելով աշխատել որպես Համայնքների պալատի ղեկավար»,- իր Twitter-ում լուրը հաստատել է Հեյգը:

Ուիլյամ Հեյգը արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2010 թ. մայիսի 11-ից: Վարչապետ Դևիդ Քեմերոնը նրան անվանել է բրիտանական Պահպանողական կուսակցության մի ամբողջ սերնդի առանցքային դերակատարներից մեկը:

Կառավարությունում BBC-ի աղբյուրը տեղեկացրել է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում կնշանակվի Բրիտանիայի ներկայիս պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը:

Ուիլյամ Հեյգի պաշտոնաթողությունը տեղավորվում է կառավարությունում վերադասավորումների շրջանակներում, ինչը հայտարարել էր վարչապետ Քեմերոնը: Հայտնի է, որ վարչապետը մտադիր է ավելի շատ կանանց ներգրավել կառավարությունում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հաիթիում ժանտախտի զոհերը Պան Գի Մունին «ձևամոլ» են անվանել’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունը Գազայում’