‘Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել’

1616

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, տեղեկացրել է, որ այսօր հրաժարական կներկայացնի: Այդ կերպ նա նպատակ ունի ապացուցելու, որ «չի կառչում պաշտոնից» և իր պարտականությունները կատարում է բարեխղճորեն, այդ թվում՝ Խերսոնի քաղխորհրդի աշխատակից Եկատերինա Գանձյուկի սպանության հետաքննության հարցով:

Խերսոնի քաղաքապետի խորհրդական Եկատերինա Գանձյուկը երկար բուժումից հետո նոյեմբերի 4-ին մահացել է հիվանդանոցում: Հուլիսի 31-ին անհայտ անձը նրա դեմքին ծծմբաթթու էր շփել, դրանից հետո կինը ենթարկվել էր 11 վիրահատության: Գանձյուկը հայտնի էր թե՛ որպես կոռուպցիայի խիստ քննադատ, թե՛ շրջանի ուժայինների  հասցեին իր քննադատությամբ՝ «ռուսաստանամետ և անջատական ուժերին» թույլ դիմակայության համար: Նրա մահը մեծ արձագանք գտավ Ուկրաինայում:

Յուրի Լուցենկոն համարվում է նախագահ Պետրո Պոռոշենկոյի մերձավոր զինակիցը: «Ընտրությունների նախօրեին (նախագահական ընտրություններն Ուկրաինայում կայանալու են 2019 թ. մարտին) սա միանգամայն կանխատեսելի քայլ էր: Նա գլխավոր դատախազությունում արդեն այնպիսի մասնագետներ է աճեցրել, որոնք կարող են այդ գերատեսչությունում իր գիծը շարունակել: Այժմ Լուցենկոն կարող է կենտրոնանալ ընտրական գործընթացի վրա, որտեղ Պոռոշենկոյի մրցակիցներն այն մարդիկ են, որոնց Գլխավոր դատախազությունը մեղադրում է քրեական հանցագործությունների մեջ: Այդ իրավիճակում Լուցենկոն այնպիսի տեղեկատվության անվիճելի գանձարան է, որն ընդունված է անվանել կոմպրոմատ»,- պարզաբանում է Գլոբալ ռազմավարությունների ինստիտուտի ղեկավար Վադիմ Կարասևը:

Փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Շարմազանով. Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգիոներ’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն «Վեոլիա Ջուր»-ին տուգանել է 20 մլն դրամով ‘