‘Ուկրաինայի խոշորագույն օլիգարխները կարող են դուրս գալ Յանուկովիչի դեմ’

1097

Ուկրաինական Деловая столица թերթը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ եվրաինտեգրումից հրաժարվելու՝ Վիկտոր Յանուկովիչի որոշումը մեծ դժգոհություն և անհանգստություն է առաջացրել ուկրաինական գործարար շրջանակներում:

Մասնավորապես՝ այն զայրացրել է իշխող «Ռեգիոնների կուսակցության» ֆինանսավորողներից Ռինատ Ահմետովին, որը նաև Ուկրաինայի ամենահարուստ մարդն է:

Деловая столица-ն նշում է, որ Ահմետովի բիզնեսի հիմքը լեռնամետալուրգիան է, և նա իր արտադրանքը իրացնում է աշխարհի տասնյակ երկրներում, այդ թվում՝ նաև Ռուսաստանում, սակայն ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ 2013 թ. առաջին կեսին կազմել է ընդամենը 750 միլիոն դոլար, այն դեպքում, երբ ԵՄ երկրների հետ նույն ժամանակահատվածում առևտրի ծավալները կազմել են մոտ 1,45 միլիարդ դոլար, իսկ ԵՄ-ի հետ ազատ առևտրից հրաժարվելը կազմակերպության համար նշանակում է տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարների կորուստ: Պարբերականը նաև նշում է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի մերձեցումը Ահմետովի համար մեծ վտանգ է պարունակում, քանի որ այդ դեպքում Ահմետովը կարող է բախվել ռուսական մետալուրգների էքսպանսիային, որոնց բիզնեսն ավելի ծավալուն է, քան Ահմետովինը:

Ըստ պարբերականի տվյալների՝ ուկրաինական իշխանությունների վարած արտաքին քաղաքական կուրսը հարուցել է օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշի դժգոհությունը, որի համար ԵՄ-ի քիմիական շուկան առավել կարևոր է ռուսականից:
Деловая столица-ի տեղեկություններով՝ Յանուկովիչի վրա կփորձեն ճնշում գործադրել նաև Իգոր Կոլոմսկին և Վիկտոր Պինչուկը, որոնց երկաթաձուլական և խողովակային ձեռնարկություններն արդեն վաղուց կողմնորոշվել են դեպի ԵՄ սպառման շուկաներ և ի վիճակի են գոյատևել անգամ առանց Ռուսաստանի:

Միլիարդատերերը դեռ իրենց դիրքորոշումը հրապարակավ չեն արտահայտել, սակայն նրանց ենթակա լրատվամիջոցները վերջին օրերին առավել անաչառությամբ են լուսաբանում ուկրաինական իրադարձությունները, նշում է korrespondent.net-ը:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունը» դեմ է թուրքական նախապայմաններին’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ (ուղիղ)’