‘Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունն ուզում է քննարկել իմպիչմենտի վերաբերյալ օրինագիծը’

844

Ուկրաինայի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է ընթացիկ շաբաթվա ընթացքում քննարկել նախագահի իմպիչմենտի կարգի վերաբերյալ օրինագիծը, այսօր հայտարարել է  ընդդիմադիր УДАР խմբավորման պատգամավոր Վիտալի Կովալչուկը:

Երեք ընդդիմադիր քաղաքական ուժեր՝  «Батькивщина»-ն, УДАР-ը և ազգայնական  «Свобода»-ն,  դեռ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո էին հայտարարել, որ մտադիր են հասնել նախագահ Վիկտոր Յանուկովիչի իմպիչմենտին: 2013 թ. փետրվարին գրանցվեց համապատասխան օրենքի նախագիծը, քանի որ երկրում չկա այդ գործընթացը կարգավորող փաստաթուղթ: «Եթե ասոցացման վերաբերյալ համաձայնագիրը ձախողվի, դրա ողջ պատասխանատվությունը կընկնի նախագահ Յանուկովիչի վրա, քանի որ նա բոլոր լիազորություններն ունի՝ լուծելու համար Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը: Ուստի մենք պահանջում ենք խորհրդարանի նստաշրջանի օրակարգ մտցնել և այս շաբաթ քննարկել «Ուկրաինայի նախագահին իմպիչմենտ հայտարարելու մասին» օրենքի նախագիծը»,- ասել է Կովալչուկը:

Այս պահի դրությամբ Ուկրաինայի օրենսդրությունը նախատեսում է, որ խորհրդարանը կարող է նախագահին իմպիչմենտ հայտարարել պետական դավաճանության կամ այլ հանցագործության համար, սակայն իմպիչմենտի՝ օրենսդրորեն հստակ ընթացակարգ չի նշվում, ինչը քիչ հավանական է դարձնում դրա իրականացումը:

Ուկրաինան մտադիր է նոյեմբերի վերջին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Այդ փաստաթուղթն  ստորագրելու վերջին պայմանը Տիմոշենկոյի հարցի լուծումն է, փոխանցում է  ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սայաթ-Նովա 10-12 եւ հարակից շենքերի բնակիչներն ահազանգում են. շինարարությունը վերսկսվել է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հարսնաքարի գործ. Դատախազը պատրաստվում է մեղադրական ճառին’