Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ստուգումներ է սկսել Սաակաշվիլիի կապակցությամբ

435

Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը ծառայողական հետաքննություն է կատարում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ երկրից դուրս գալու կապակցությամբ, հաղորդել է գերատեսչության մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ ստուգումների մասին հայտնել են ուկրաինական ԶԼՄ-ները։

«Հետաքննվում են Ուկրաինայից Սաակաշվիլիի դուրս գալու և սահմանը հատելու հանգամանքները։ Մանրամասն ստուգվում է ամբողջ տեղեկատվությունը, թե ինչ կերպ է նա դուրս եկել Ուկրաինայից»,- նշել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ Հարավային տարածաշրջանային վարչության ղեկավարությունից մի քանի հոգի հետաքննության ընթացքում հեռացվել են աշխատանքից։

Ծառայողական հետաքննությունը, նախնական տվյալներով, սկսել են այն պատճառով, որ հավաստի տվյալներ չկան, թե հատկապես ինչպես է Սաակաշվիլին հայտնվել Վրաստանում։ Հոկտեմբերի 3-ին վրացական լրատվամիջոցները գրել էին, որ նախկին նախագահը կարող էր երկիր մտնել թրեյլերով՝  օդափոխության խցում թաքնված, ինչը նույնպես կհամարվի ապօրինի։

Վրաստանի նախկին նախագահի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, պահանջել է նրան ազատ արձակել բանտից։ «Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և որպես Վրաստանի քաղաքացի՝ ես լիովին միանում եմ նրան ազատ արձակելու պահանջին»,- Facebook-ում գրել է Ռուլոֆսը։

Ավելի վաղ Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ելիզավետա Յասկոն տեսագրություն է հրապարակել, որը նկարահանվել է Սաակաշվիլիի՝ Վրաստան ժամանելուց առաջ, և որտեղ նախկին նախագահը խոստովանում է, որ իրենք հարաբերությունների մեջ են։

«Չեմ թաքցնի, որ ուրբաթ երեկոյան արված այդ տեսագրությունն անակնկալ էր ինձ համար, իսկ դա ներկայացնելու ձևը՝ միանգամայն անընդունելի։ Չնայած իմ անձնական ապրումներին՝ ես հանգիստ եմ և հավատում եմ, որ մենք այս պայքարից հաղթանակով ենք դուրս գալու»,- գրել է Ռուլոֆսը՝ մեկնաբանելով տեսահոլովակը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԲաբին Յարում բացվել է Բյուրեղապակե լացի պատ
Հաջորդ հոդվածըԱզգերի լիգա․ Ֆրանսիան կամային հաղթանակ տարավ բելգիացիների նկատմամբ եւ եզրափակիչում է (տեսանյութ)