‘Ուկրաինայի փախստական վարչապետն առաջարկում է տեղափոխել մայրաքաղաքը ‘

1195

Ուկրաինայի փախստական վարչապետ Նիկոլայ Ազարովը Մոսկվայում ներկայացրել է իր «Ուկրաինան՝ ճամփաբաժանին» հուշագրությունը, որում Ուկրաինայի բոլոր դժբախտությունների համար մեղադրել է Մայդանին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին:

Գրքում Ազարովը, մասնավորապես, առաջարկում է այն, ինչը վաղուց արդեն Ուկրաինայից պահանջում է Ռուսաստանը՝ ֆեդերալացում: «Միացյալ Ուկրաինա պետությունը մշտական հակամարտության աղբյուր է: Միանգամայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կամրագրի երկրի դաշնային կառուցվածքը… Նման սահմանադրությունը կարող է ընդունվել միայն մարզերի իրավունքներն ու ազատությունները հարգելու պայմանով»,- գրել է Ազարովը:

Ի դեպ, 2010-2014 թթ., երբ Ազարովն զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, երբևէ  հանդես չի եկել ի պաշտպանություն երկրի մարզերի ինքնավարության:

Բացի նոր սահմանադրությունից՝ Ռուսաստան փախած նախկին վարչապետն առաջարկում է մայրաքաղաքը Կիևից տեղափոխել, «օրինակ՝ Զապորոժիե»: «Կիևը, որպես միասնական Ուկրաինայի մայրաքաղաք, չի կատարել իր գործառույթները: Այդ քաղաքը քաղաքական և սոցիալական կյանքի ապակայունացման աղբյուր է հանդիսանում՝ ծայրահեղականության հակված բնակչության հսկայական շերտով»,- գրում է Կալուգայում ծնված, ՄՊՀ-ն ավարտած և հետագայում Դոնեցկում բնակություն հաստատած Ազարովը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն կքննարկի նոր սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանին պատասխան տալու հարցը’