‘Ուկրաինայի 15 միլիարդը և Հայաստանից խլված ունեցվածքը’

2163

ԵՄ-ն վերջին չորս տարում Ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատում էր հետսովետական չորս երկրների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Հայաստան և Ուկրաինա: Վրաստանն ու Մոլդովան վաղուց էին իրենց ընտրությունը կատարել դեպի Եվրոպա ու որոշակիորեն կորցրել իրենց տարածքների մի մասը, և դժվար նրանք համաձայնեին գնալ դեպի Մաքսային միություն, այն դեպքում, երբ Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի և Օսիայի անկախությունը, իսկ Մերձդնեստրում էլ հաստատել լիակատար ռուսական իշխանություն: Այդ իսկ պատճառով Ռուսաստանն ի սկզբանե խնդիր էր դրել Մաքսային միությանը միացնել Հայաստանին և Ուկրաինային, որոնք էլ կապահովեին Մաքսային միության ընդարձակման ֆոնը:

Երկու անկախ պետություններ, որոնց ամեն կերպ Ռուսաստանը ցանկանում էր միացնել այդ միությանը, եւ երկու տարբեր մոտեցումներ այդ երկրների նկատմամբ: Եթե սկսում ես համեմատություն անել, թե Հայաստանն ինչ պայմաններում միացավ ՄՄ-ին, իսկ այժմ Ուկրաինային ինչեր են խոստանում ՄՄ-ին միանալու համար, անմիջապես հասկանում ես, որ մի դեպքում տեղի է ունեցել երկրի կապիտուլյացիա, իսկ մյուս դեպքում երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի  երկրի «գինը» բարձրանա:

Եթե Հայաստանի դեպքում ՄՄ միանալուց հետո Ռուսաստանը ընդամենը երեք հարյուր միլիոն պարտքի դիմաց խլեց «ՀայՌուսԳազԱրդի» Հայաստանին պատկանող վերջին բաժնեմասը, դեռ ավելին, գազի գինը թանկացրեց, Ուկրաինայի դեպքում Ռուսաստանը ոչ միայն խոստացել է 15 միլիարդ դոլարի ներդրում, այլ նաև Ուկրաինա վաճառվող գազի գնի աննախադեպ նվազեցում:

 Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով Ռուսաստանը  Հայաստանի հետ վարվում է որպես ստրկացված պետության, որտեղ ինչ ուզեն՝ կարող են խլել՝ դրա փոխարեն ավելացնելով միայն հարկերն ու վարկերը:

 Իսկ Ուկրաինայի դեպքում, ինչքան էլ ապաշնորհ համարեն Յանուկովիչի իշխանությանը, Ռուսաստանըայդ երկրի հետ հարաբերվում է որպես գործընկերոջ՝ շատ լավ հասկանալով, որ նրա կորստի դեպքում Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը եվրոպական մասում:

Որևէ մեկը Ռուսաստանին չի ասում, որ Հայաստանը կորցնելու դեպքում էլ Ռուսաստանը կկորցնի իր ազդեցությունը Կովկասում, այլ միայն ողորմելի մեկնաբանություններ են անում, թե իբր Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու դեպքում թուրքերը մեզ կուտեն, իսկ ադրբեջանցիներն էլ  կբռնաբարեն: Իսկ ի՞նչն է խանգարում ունենալ այնպիսի պետություն, որը կկարողանա ճիշտ դիվանագիտական հարաբերություններ ունենալ միջազգային խաղացողների հետ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի, որը կհասկանար, որ ոչ թե Հայաստանը, Ռուսաստանից բացի՝ այլընտրանք չունի, այլ ճիշտ հակառակը՝ Ռուսաստանը, Հայաստանին կորցնելով՝ կկորցնի ոչ միայն Կովկասը, այլ նաև Հարավային Ռուսաստանը, և որ ինչքան Հայաստանը ունի Ռուսաստանի կարիքը, մի քանի անգամ ավելի էլ Ռուսաստանն ունի Հայաստանի կարիքը:

Իսկ եթե Ռուսաստանը ստորացուցիչ համաձայնագրեր է պարտադրում, ապա Հայաստանը, միջազգային այլ խաղացողներին ներգրավելով, ինչպես նաև երկրի տնտեսության ու բանակի հզորացմամբ, պետք է ցույց տա, որ Թուրքիան ու Ադրբեջանը իր համար վախենալու չեն, իսկ Արցախում պատերազմ սկսելու վտանգը կապակայունացնի իրավիճակը ոչ միայն  Հայաստանում, այլ նաև՝ Ռուսաստանն ու Պարսկաստանն իրենց ազդեցությունը կկորցնեն Ադրբեջանի և Միջին Ասիայի վրա:

Եվ այդ դեպքում Ռուսաստանը ոչ թե կխլեր Հայաստանի ունեցվածքը, այլ միլիարդներ կառաջարկեր, միայն թե Հայաստանն իրենից երես չթեքի:

Սերժ Սարգսյանի ապաշնորհությունը և հանցավոր անգործությունը ոչ թե այն է, որ Հայաստանը միացավ ՄՄ-ին, այլ որ ՄՄ-ին միանալով՝ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլև կորցրեց իր անկախության մի մասը:

Սանասար Հավասարյան

 

Նախորդ հոդվածը‘Պուտին. Իրանը մեր հարեւանն է, որի հետ հարաբերությունները պետք է խորացնել’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ներում կշնորհի Խոդորկովսկուն’