‘Ուկրաինայում ընդդիմությունը խորհրդարանից վռնդել է վարչապետ Ազարովին’

1478

Հազարից ավելի մարդ է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կասեցնելու որոշման: Գիշերը ցույցեր են տեղի ունեցել Կիևում, Ուժգորոդում, Դոնեցկում, Լուցկում: Интерфакс-ի տեղեկություններով՝ առավոտից Կիևի Անկախության հրապարակում շարունակում են բողոքի ցույց անել տասնյակ քաղաքացիներ: Ասոցացման համաձայնագրի ստորագրման կասեցումից դժգոհ քաղաքացիները մտադիր են Մայդանում անժամկետ բողոքի ցույց անել,  հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ուկրաինայի քաղաքացիական դիմադրություն» շարժմանը:

Հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը դադարեցրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը՝ դա բացատրելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ: Ուկրաինայի կառավարության կարգադրության մեջ ասվում էր, որ համաձայանգրի վրա աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության նկատառումներով», փոխանցում է BBC-ն: 

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, մեկնաբանելով ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրման գործընթացի կասեցումը,  տեղեկացրել է, որ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը՝ հաջորդ շաբաթվա ընթացքում առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության միջև: Ազարովի ելույթը խորհրդարանում ուղեկցվել է «Դո՛ւրս կորիր», «Ամո՛թ» բացականչություններով, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները թղթեր են շպրտել կառավարության անդամների ուղղությամբ:

Ուկրաինայի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ Գերագույն ռադայում կառավարության հրաժարականի հարցը  քննելու համար: «Սա հակաուկրաինական կառավարություն է և պետք է հրաժարական տա»,- հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկն այսօրվա ասուլիսում և կոչ է արել Ուկրաինայի քաղաքացիներին կիրակի օրը մասնակցել Կիևում անցկացվելիք հանրահավաքին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի եվրաինտեգրացիայի:

Նախորդ հոդվածը‘Շարլ Ազնավուր. Եթե հայերն ու հրեաներն ապրել չուզենային, ապա վաղուց կանհետանային երկրի երեսից’
Հաջորդ հոդվածը‘Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդում մասնակցել է «Իմ Հայաստան» երգի տեսահոլովակի նկարահանմանը’