‘Ուկրաինայում ընտրություններն ուղեկցվել են մի շարք լուրջ խախտումներով. ԵԱՀԿ առաքելություն ‘

900

Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին հետևած ԵԱՀԿ դիտորդների կարծիքով՝ գործընթացը բավականաչափ թափանցիկ չի եղել և զուգորդվել է վարչական ռեսուրսի կիրառմամբ, հայտնում է РИА Новости-ն:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է ԶԼՄ-ների կողմից թեկնածուների անհամաչափ լուսաբանմամբ և մի շարք այլ լուրջ խախտումներով:

«Այս ընտրությունների ժամանակ իշխանության չարաշահման, ինչպես նաև փողի ունեցած մեծ դերի պայմաններում, կարծում ենք, ժողովրդավարացման գործընթացն Ուկրաինայում փոխեց իր ուղղությունը»,- ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարի հատուկ համակարգող Վալբուրգա Գաբսբուրգ Դուգլասը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Անդրեաս Գրոսն իր հերթին անդրադարձել է Ուկրաինայում անցկացված ընտրություններին.

«Գործընթացի օլիգարխացումը նշանակում է, որ քաղաքացիները կորցրել են այս ընտրություններում իրենց ազդեցությունն ու հավատը: Ցավոք՝ ուկրաինական հասարակության մեծ ժողովրդավարական ներուժը չիրականացվեց երեկվա ընտրություններում»,- ասել է Գրոսը:

Նախնական տվյալներով, կիրակի Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններում իշխող Ռեգիոնների կուսակցությունը հավաքել է ձայների 34,2% ընդդիմադիր «Բատկովշչինա» (Հքյրենիք) կուսակցությունը՝ 22,49%-ը:

Նրանցից բացի, ամենայն հավանականությամբ, խորհրդարան կանցնեն Կոմունիստական կուսակցությունը(14,73%), Վիտալի Կլիչկոյի «Ուդար»-ը (12,99%) եւ ազգայնական «Ազատություն» կուսակցությունը (8,7%): 

Նախորդ հոդվածը‘Մեսին ստացավ երկրորդ «Ոսկե խաղակոշիկը». տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Սենդիի» պատճառով Նյու-Յորքի թունելները կփակվեն ‘