‘Ուկրաինացի փորձագետ. Երբ ինձ ասում են, թե Ղրիմը հարկավոր է տալ Ռուսաստանին, ես առաջարկում եմ այն տալ Թուրքիային կամ Հունաստանին’

971

Ղրիմը իրոք ցավոտ թեմա է Ուկրաինայի համար: Եվ այստեղ երկու հարց կա. ՌԴ սևծովյան նավատորմը և Ղրիմի թաթարական բնակչությունը: Այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տարածաշրջանային մասնաճյուղի (Օդեսա) առաջատար գիտաշխատող Աննա Շելեստը, առցանց հարցազրույցում պատասխանելով ԱրմԻնֆոյի այն հարցին, թե Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում ինչ դեր է խաղում Ղրիմի հարցը:

«Պաշտոնապես Ղրիմին առնչվող հարցերը երկու երկրների փոխհարաբերություններում առկա մյուս թեմաների շրջանակներից դուրս են: Իրականում` Ղրիմը դժվար է համարել ռուսական, ինչպես փորձում են ներկայացնել ռուսամետ արմատական կուսակցությունները: Ռուսների մեծ մասն այնտեղ հայտնվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` Ղրիմի թաթարների տեղահանությունից հետո: Ուստի, երբ ինձ ասում են, թե Ղրիմը հարկավոր է տալ Ռուսաստանին, ես միշտ առաջարկում եմ այն տալ Թուրքիային կամ, ավելի լավ է, Հունաստանին, նրանք, համենայն դեպս, ավելի երկար են կառավարել: Իսկ եթե լուրջ`  ապա Ղրիմի թաթարներն ուղևորվել են Կիև` սատարելու եվրամայդանը, և Մեջլիսն այդ որոշմանը հավանություն է տվել», — նշել է փորձագետը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրական հիմք ունի Ուկրաինան արևեմտյան և արևելյան մասերի բաժանելու սպառնալիքը, Շելեստը նկատել է, որ երկիրը բաժանելու հարցը գաղափար է, որը միշտ հորինում են նրանք, ում ձեռնտու է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը: Ընդ որում` դա, նրա կարծիքով, բնավ չի նշանակում, թե դրանց միջև տարբերություն չկա, ինչպես ցանկացած մեծ երկրում`  տարածաշրջանները միմյանցից տարբերվում են: Ավելին, տարածաշրջանները, որոնք պատմության ընթացքում եղել են տարբեր պետությունների կազմում, մի քանիսն ավելի են ենթարկվել բնիկ բնակչության վերաբնակեցման, մյուսները`   ավելի պակաս: Գումարած`  քարոզչությունը տարբերը չափերի է: «Սակայն, եթե անցնեք Դոնբասի փոքր քաղքներով և գյուղերով և լսեք լեզուն, ապա դա, անշուշտ, խառնուրդ է, որում ուկրաիներենն անհամեմատ ավելի շատ է, քան` ռուսերենը, օրինակ, ի տարբերություն կենտրոնում գտնվող Դնեպրոպետրովսկի: Եվ սեփական «եվրոմայդան» են դուրս եկել արդեն նաև Դոնեցկի, Խարկովի ուսանողները», — ընդգծել է փորձագետը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստան) և Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտը (Ադրբեջան) Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աջակցությամբ արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսներ են կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար` «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում` առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի շրջանակում: 

Նախորդ հոդվածը‘Արևմուտքի սխալ քաղաքականության արդյունքները տարածաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Եթե ԱԺ-ի դիմաց` մկներ, ապա նախագահականի դիմաց՝ թմրանյութ. Մամուլ’