‘Ուկրիանական ցույցերի միջազգային արձագանքը’

893

Ուկրաինայում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ցույցերը մեծ ոգևորություն են առաջացրել եվրոպական քաղաքական վերնախավի շրջանում: Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին Twitter-ի իր էջում գրել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի մոդեռնիզացման համար պատրաստակամ է Ուկրաինայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագիրը: «Ուկրաինացիները եվրոպացիներ են, և ԵՄ-ն պատրաստ է ստորագրել ասոցացման համաձայնագիրը, որպեսզի օգնի նրանց մոդեռնիզացնել իրենց երկիրը»,-գրել է Սիկորսկին:

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նույնպես Twitter-ի իր էջում ուկրաինական դեպքերի հետ կապված գրառում է արել: Ֆյուլեն նշել է, որ Ուկրաինայի մոդերնիզացմանն աջակցելու՝ ԵՄ-ի պարտավորությունները մնում են անփոփոխ: Նա նաև նշել է, որ չնայած ուկրաինական իշխանությունների հռետորաբանությանը՝ ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի առջև:

Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունն էլ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին ողջունում է եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային մոբիլիզացիան և իրենց դիրքորոշումն արտահայտելու վճռականությունը:

Տոմբինսկին նաև հավելել է, թե ինքը վստահ է, որ Ուկրաինայի ապագան տեսնում է ԵՄ-ի հետ սերտ կապերի մեջ:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ համաձայնագրի գլխավոր շահառու ուկրաինացի ժողովրդի առջև մեր ստանձնած պարտավորություններին»,- ասված է ԵՄ-ի մամուլի ծառայության տարածած հայտարությունում:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը նույնպես հայտարարել է, որ Կիևում եվրաինտեգրման կողմնակիցների բազմահազարանոց ցույցերը կարևոր ազդանշան են ԵՄ-ի համար:

Նշենք, որ ուկրաինական ցույցերով ոգևորված են ոչ միայն եվրոպացիները, այլ նաև ամերիկացիները, ինչի մասին վկայում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի գրառումը Twitter-ում:

Նշենք, որ Ուկրաինայի տարբեր քաղաքներում երեկվանից մեկնարկել են բազմահազարանոց ցույցեր:Եվրաինտեգրման կողմնակիցներն իրենց անհամաձայնությունն են հայտնում եվրաինտեգրման կուրսը կասեցնելու՝ կառավարության որոշման հետ:

 

Նախորդ հոդվածը‘Որն է լինելու ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության գերակայությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում «էրոտիկայի» համար ցանկանում են արգելափակել մշակութային կայքեր’