‘Ուշագրավ ցիտատներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից’

3392

Ինչպես արդեն հաղորդել էինք, Սոչիում օգոստոսի 10-ին Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպման և մի քանի այլ հարցերի մասին Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» ծրագրին: iLur.am-ը առանձնացրել է մի քանի ուշագրավ ցիտատներ այդ հարցազրույցից.

1. Մենք բանակցությունները վարում ենք Կազանյան փաստաթղթի շուրջ և դա 2011 թվականի փաստաթուղթն է, որը ստորագրելուց Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց: Կազանյան փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա և ենթադրում է խնդրի լուծում երեք հիմնական սկզբունքների, այն է՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

2. Ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն` կողմերի միջև:

3. Այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, և մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են:

4. Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում:

5. Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ:

Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկտների թիվը ավելանում է հակառակորդին ոգևորելը լավ բան չէ:

6. Այո, և դա ես առանց որևէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաև Երևանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, և Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը:

7. Ինձ որոշ դեպքերում թվում է, որ որոշ մարդիկ Բաքվում երեկոյան ժամերին` աշխատանքից հետո, համակարգչային խաղերով են զբաղված և կռիվ-կռիվ են խաղում: Բայց նրանք պետք է հասկանան, որ վիրտուալ իրականությունը մի բան է, իսկ իրականությունը` մեկ այլ բան:

8. Ես հասկանում եմ, որ անհնար է բոլորին վերահսկել, ես հասկանում եմ, որ տարբեր հանգամանքներ են լինում, և դա չի արդարացնում ադրբեջանցիների գործողությունները, բայց մեր սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիները շատ լավ պետք է հասկանան, որ գործ ունեն թշնամու հետ՝ զայրացած, գազազած թշնամու հետ:

9. Իհարկե, ՀԱՊԿ-ը կարող էր արձագանքել և կարող էր սա զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված լինել:

10. Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի (Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը – iLur.am): Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք:

11. Ռուսաստանի Նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, և ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով: Նա խոստացավ ուսումնասիրել և մեզ տեղեկացնել՝ կապված առողջական խնդիրների հետ:

12. Մի կողմից ասում ենք, որ պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, և սա կարող է Ռուսաստանի տնտեսությանը վնասել, բայց մոռանում ենք ասել, որ Ռուսաստանն էլ պատժամիջոցներ է կիրառել այլ երկրների դեմ:

13. Եվ իրոք կարծում եմ, որ հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է: Այնպես որ՝ այստեղ էլ պետք չէ զարմանալ: 

Նախորդ հոդվածը‘Մարադոնան կրկին հարվածել է լրագրողին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով’